Անհայտ ծագման ծխախոտ՝ ալյուրի և թեփի վաճառակետում. ով է այն իրացրել

Անհայտ ծագման ծխախոտ՝ ալյուրի և թեփի վաճառակետում. ով է այն իրացրել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում դեկտեմբերի 18-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տանձուտ գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը գյուղում գտնվող ալյուրի և թեփի իր վաճառակետում առանց համապատասխան հարկային հաշիվների, նույնականացման տվյալների և ակցիզային դրոշմապիտակների վաճառում է անհայտ ծագման ծխախոտ:

Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

Նույն օրը այցելություն է կատարվել Տանձուտ գյուղի նշված հասցե: 38-ամյա տղամարդը հայտնել է, որ վաճառակետում տարբեր տեսակի ծխախոտներ կան, որոնք պատրաստ է ներկայացնել:

Զննությամբ հայտնաբերվել է տարբեր տեսակի 1020 տուփ ծխախոտ: Տանձուտցի տղամարդը հայտնել է, որ վերջին չորս ամիսների ընթացքում վերավաճառելու նպատակով ձեռք է բերել 3000 տուփ տարբեր տեսակի ծխախոտ, որոնցից շուրջ 2000 տուփը վերավաճառել է տարբեր մարդկանց:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները պարզվում են:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում