Կանգնում եք ոչ միայն ձեր անձի, այլ Եկեղեցու արժանապատվության կողքին. Բաբաջանյանը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին
Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Գարեգին Բ-ի տնօրինությամբ ազատվել է պաշտոնից։ Պաշտոնը կարող են վերցնել, բայց խղճի ձայնը՝ ոչ։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
«Եկեղեցին աթոռների ու պաշտոնների հաշվարկ չէ, այլ Քրիստոսի կենդանի Մարմին՝ հավատով ու սիրով միավորված ժողովուրդ։ Երբ հովվական խրատը վերածվում է պատժիչ կարգադրության, իսկ հայրական խոսքը՝ սպառնալիքի, մարդը չի վերադառնում Աստծուն․ մարդը փակվում է իր ներսում, և այդ փակվածությունից ծնվում են սառնություն, անվստահություն ու բաժանում։
Սրբազան հայր, ձեր անձնվեր ու անվախ կեցվածքը հիշեցնում է մեր բոլորին․ հավատքը հարմարվողականություն չէ, հավատքը խաչ կրելու պատրաստակամություն է՝ հանուն ճշմարտության։ Դուք այսօր կանգնում եք ոչ միայն ձեր անձի, այլ Եկեղեցու արժանապատվության կողքին՝ որպեսզի քարոզը չդառնա լռություն, իսկ սրբությունը՝ հաշվի առարկա։
Զորակցությունս եմ հայտնում Ձեզ՝ աղոթքով ու վստահությամբ, որ Աստծո դատաստանը բարձր է ամեն տնօրինությունից, և որ Եկեղեցու իրական նորոգությունը սկսվում է ոչ թե լռեցնելուց, այլ՝ լույս բերելուց»,- գրել է նա։


Կարծիքներ