«Քաղաքացիական պայմանագիր»-ը հռչակում է Հայաստանի Չորրորդ Հանրապետությունը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք

«Քաղաքացիական պայմանագիր»-ը հռչակում է Հայաստանի Չորրորդ Հանրապետությունը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք

Իրական Հայաստանի գաղափարախոսությունը երազանքի հայրենիքի փնտրտուքը դադարեցնելու մասին է. Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքների հայրենիքը։

Այս մասին համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր ծրագիրը:

«Իրական Հայաստանի սույն գաղափարախոսության իրագործումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական և պատմական առաքելությունն է:

Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է՝ միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով:

Հայաստանի Հանրապետության առաջընթացի և զարգացման՝ Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված տեսլականը բազմաշերտ է և պետք է արտահայտվի պետական, հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

Սույն ծրագրով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանձնում է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության կառավարման հայեցակարգ, և 2026թ. հերթական խորհրդարանական ընտրություններում այս ծրագրով և գաղափարախոսությամբ քաղաքացիներից ակնկալելու է Հայաստանի Հանրապետության կառավարման մանդատի երկարաձգում ևս 5 տարով»:

Ըստ վարչապետի, այսօր արդեն գտնվում ենք մեր երազանքի հայրենիքում և այլևս այդ մասին երազելու, փնտրելու կարիք չունենք:

«Դա այստեղ ու այսօր գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետությունն է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է հարատևի: Սա կարգախոս չէ, այլ անելիք: 2025-ի օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությունից հետո ՀՀ հարատևությանը, ազատությանն ու երջանկությանն ուղղված հաջորդ կարևոր քայլը պիտի անենք, որն իմ կարծիքով այսօրվա մեր խոսույթի կուլմինացիան է:

Պետք է ընդունենք «Քաղաքացիական պայմանագիր» Հռչակագիրը»,- ասաց վարչապետն ու ներկայացրել Հռչակագրի նախագիծը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հռչակագիրը

– ապավինելով Հայաստանի Հանրապետության ժողովրդին,

– առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պետական շահերով,

– առաջնորդելով Հայաստանի Հանրապետության անկախության եւինքնիշխանության ամրապնդման ՀՀ քաղաքացիների մղումը,

– վերլուծելով Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությունը,

– հավատալով եւ հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության հարատեւությանը ծառայելու իր պատմական առաքելությանը,

– ողջունելով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հաստատված խաղաղությունը,

– ապահովելու համար Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը,

– ամրապնդելու համար ժողովրդի իշխանությունը,

– հենվելով Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա՝

Հռչակում է

Հայաստանի չորրորդ Հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում