Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթությունները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Իտալիա կատարած այցի շրջանակում հանդիպել է Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսսանդրա Լոկատելլիի հետ։
Ինչպես հայտնել են ԱՍՀՆ-ից, քննարկվել են երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթությունները, մասնավորապես՝ ընդգծվել անհրաժեշտ աշխատանքների իրականացման և փորձի փոխանակման կարևորությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների բարելավման գործընթացում։ Այս համատեքստում կարևորվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքային փոքր խմբային տների կառուցման, զբաղվածության և ներառականության ապահովման ոլորտներում Իտալիայի հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը։
Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսսանդրա Լոկատելլիին ներկայացրել է խոցելի խմբերի համար իրենց երկրում իրագործվող պետական ծրագրերը` նշելով որ արդյունավետության հիմքում պետության և համայնքների փոխգործակցությունն է։
Զրուցակիցները հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող ծրագրերի հիմքում շեշտադրել են հավասար հնարավորությունների և պայմանների, մատչելի միջավայրի և տարբեր ոլորտներում նրանց մասնակցության ապահովումը՝ ստեղծելու առավել բարեկեցիկ ու ներառական միջավայր։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկու գերատեսչությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրից բխող գործողությունների իրականացման ընթացքն ու հետագա անելիքները։ Հուշագիրը ստորագրվել է Երևանում կայացած «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» խորագրով համաժողովի շրջանակում։


Կարծիքներ