Հունաստանում ՀՀ դեսպանն Ատիկայի նահանգապետի հետ հանդիպմանը կարևորել է ապակենտրոնացված համագործակցության զարգացումը

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հունիսի 15-ին հանդիպել է Ատիկայի նահանգապետ Յորղոս Պատուլիսին:
Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:
Հանդիպման սկզբում Ատիկայի նահանգապետը, ողջունելով դեսպան Մկրտչյանին, անդրադարձել է երկու երկրների և ժողովուրդների բարեկամական կապերին, ընդհանուր պատմությանը և մարտահրավերներին` կարևորելով համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման անհրաժեշտությունը:
«Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Տիգրան Մկրտչյանն անդրադարձել է երկու ժողովուրդների կապերին, երկրների միջև հարաբերություններին և այդ համատեքստում կարևորել տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով համագործակցությունը, հատկապես` տնտեսության, զբոսաշրջության, ինչպես նաև մշակույթի ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ քաղաքական բարձր մակարդակով շփումների հետ մեկտեղ չափազանց կարևոր է նաև զարգացնել ապակենտրոնացված համագործակցությունը՝ մարզերի մակարդակով փոխգործակցությունն ու այդ համատեքստում կարևորել փոխադարձ այցելությունները:
Դեսպանը խորին երախտագիտություն է հայտնել Ատիկայի նահանգապետին ամեն տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին աջակցելու համար:
Նշվում է, որ Ատիկայի նահանգապետ Յորղոս Պատուլիսն ընդգծել է հունահայ համայնքի կարևոր դերակատարությունը հայ-հունական հարաբերություններն առավել ամրապնդելու հարցում:
Կողմերը քննարկել են Հայաստանի զբոսաշրջային վայրերը, ինչպես նաև հայկական արտադրանքը Հունաստանում առավել արդյունավետ ներկայացնելու անհրաժեշտությունը:
Կարծիքներ