Հայաստանը պետք է ցույց տա, որ հուսալի, կանխատեսելի և հաստատակամ գործընկեր է ԱՄՆ-ի համար և պատրաստ է մինչև վերջ առաջ շարժվելու այս գործընթացում. Բաբաջանյան

Հայաստանը պետք է ցույց տա, որ հուսալի, կանխատեսելի և հաստատակամ գործընկեր է ԱՄՆ-ի համար և պատրաստ է մինչև վերջ առաջ շարժվելու այս գործընթացում. Բաբաջանյան

Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցությունը և վերջին շրջանում ամրագրված համաձայնությունները, որոնք հատկապես ամրապնդվեցին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցով, թերևս այն եզակի ուղղություններից են, որոնք ԱՄՆ քաղաքական վերնախավում վայելում են լայն երկկուսակցական համախոհություն։

Մյունխենում կայացած հանդիպումներիս ընթացքում ես շփվել եմ ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունների կոնգրեսականների և սենատորների հետ, և գրեթե բոլորը միաբերան աջակցություն են հայտնել Հայաստան–ԱՄՆ համագործակցության խորացմանը՝ այն դիտարկելով որպես տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովող կարևոր ձեռքբերում։

Այդ համատեքստում առանձնակիորեն ընդգծվում են Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը և ԱՄՆ-ՀՀ ռազմավարական համագործակցության խարտիան, որոնք դեմոկրատների հավաստմամբ՝ մեծապես Բայդենի վարչակազմի, մասնավորապես՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անձնական ջանքերի արդյունքն են։

Մյունխենում ինձ համար առանձնահատուկ հետաքրքրություն և կարևորություն ստացավ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումը։ Չնայած նախագահ Թրամփի նկատմամբ իր սկզբունքային ընդդիմադիր դիրքորոշմանը՝ նա բարձր է գնահատում գործող վարչակազմի՝ Թրամփ–Վենս–Ռուբիո թիմի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ։

Պետքարտուղար Քլինթոնը համագործակցության գլխավոր խոչընդոտ է համարում Հայաստանում Ռուսաստանի չափազանց մեծ ներկայությունը՝ ռազմական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում։ Այդ իմաստով առանցքային նշանակություն ունի Հայաստանի՝ սեփական որոշումներ կայացնելու կարողությունը և փուլ առ փուլ այդ ներկայության փոխարինումը եվրոպական (մասնավորապես՝ ֆրանսիական), հնդկական և այլ բարեկամ երկրների ներկայությամբ, որոնց նկատմամբ Թուրքիան չունի նույն առավելությունը, ինչ Ռուսաստանի դեպքում։

ԱՄՆ-ը չի պատրաստվում իր շահերի սպասարկումը պատվիրակել որևէ այլ երկրի, այդ թվում՝ Թուրքիային։ Սակայն չափազանց կարևոր է, որ Հայաստանը ցույց տա իր անկեղծությունն ու հետևողականությունը և կատարի իր պատասխանատու քայլերը՝ չեզոքացնելու համար ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հիմնական խոչընդոտները։ Դրանք ներառում են՝ Ռուսաստանի նկատմամբ էներգետիկ կախվածության նվազեցումը, հայ–թուրքական սահմանին ռուսական սահմանապահների փուլ առ փուլ փոխարինումը սեփական ուժերով, ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերումը, երկաթուղու ռուսական կոնցեսիայի վերադարձը Հայաստանի վերահսկողության տակ, ինչպես նաև ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից հեռացումը։

Սրանք նվազագույն, բայց անհրաժեշտ քայլերն են, որոնք նույնիսկ եթե ուղեկցվեն կարճաժամկետ դժվարություններով, այնուամենայնիվ Հայաստանի առջև տեսանելի հեռանկարում կբացեն հնարավորությունների այնպիսի դռներ ու պատուհաններ, որոնց այլընտրանքն այս պահին պարզապես չկա։

Ամերիկացի գործընկերների մոտ առկա անորոշությունները պետք է փարատվեն։ Հայաստանը պետք է ցույց տա, որ հուսալի, կանխատեսելի և հաստատակամ գործընկեր է՝ պատրաստ մինչև վերջ առաջ շարժվելու այս գործընթացում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում