Երևանը կունենա 45 նոր տրոլեյբուս. Կառավարությունն ընդունեց որոշումը

Երևանի տրանսպորտային շարժակազմը կհամալրվի 45 նոր «Յութոնգ» մակնիշի տրոլեյբուսներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության որոշման նախագիծը սեպտեմբերի 18-ի նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Տրոլեյբուսները կփոխարինեն արդեն 18 տարուց ավելի օգտագործվող 30 Դիաս տրոլեյբուսներին, առաջարկվում է 45 տրոլեյբուսի համար կանխավճար վճարել 30 տոկոս»,- նշեց Խուդաթյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ տրոլեյբուսների գնման մրցույթն արդեն կայացել է։
«Արդեն իսկ ունենք գնած 30 տրոլեյբուս: Կառավարության աջակցությամբ ևս 45 նոր տրոլեյբուսներով մենք ամբողջապես մեր տրոլեյբուսային պարկը թարմացնում ենք։ Այսինքն՝ այլևս մենք չենք ունենալու քաղաքում հին տրոլեյբուսներ։ Մրցույթը կայացել է արդեն տևական ժամանակ, առանց ֆինանսական միջոցների էր հայտարարված։ Ֆինանսական միջոցների հատկացումից հետո մենք ակնկալում ենք, որ 2026թ. առաջին եռամսյակում բոլոր 45 տրոլեյբուսները կլինեն Երևանում և արդեն կլինեն նոր գծերի մեջ։ Եվ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն վարչապետ, որովհետև սա Ձեր նախաձեռնությունն է»,- ասաց Ավինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ այս մրցույթն իրականացվել է այն վերլուծության արդյունքում, որ տրոլեյբուսները՝ մասնավորապես, և էլեկտրատրանսպորտն՝ ընդհանրապես, կարող են Երևանի համար շատ արդյունավետ լինել։
«Մանավանդ հիմա, երբ որ մենք ֆոտովոլային կայանների շատ մեծ հզորություններ ենք գեներացրել, իսկ տրանսպորտն աշխատում է հիմնականում ցերեկային ժամերին, այդ տրամաբանության մեջ, իհարկե, տրոլեյբուսները շատ էֆեկտիվ տրանսպորտային միջոց են և նաև մենք քննարկել ենք, որ, թերևս, պետք է մտածել հետագայում նաև էլեկտրաավտոբուսների ձեռքբերման նպատակահարմարության շուրջ, և այս թեմայով, կարծես թե, կա ըմբռնում»,- նշեց վարչապետը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց՝ վերջին տարիների ընթացքում գնվել է 12 մետրանոց 87 ավտոբուս, 8,6 մետրանոց՝ 562 ավտոբուս և 30 տրոլեյբուս, որոնք, իրենց գծերից անջատ, կարողանում են ևս 60 կմ երևթեկել։
«Այս 45 գնումից հետո մեզ մնում է շարժակազմին վերաբերող երկու հիմնական գնում, դա 18 մետրանոց 249 ավտոբուսն են, որոնք գալու են փոխարինելու մեր հին «Հիգեր» ավտոբուսները, որոնք արդեն 15-16 տարեկան են, և նոր ցանցի վերլուծությամբ, մեզ ևս 26 հատ տրոլեյբուսներ են պետք գալու»,- ասաց Ավինյանը։
Տիգրան Ավինյանը հավելեց՝ նոր շարժակազմերը, որոնք պետք է ձեռք բերվեն, միայն էլեկտրական պետք է լինեն։
Կարծիքներ