Մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Օգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:

 

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր:

 

 

Միջոցառման ընթացքում հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։

 

Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել են ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։

 

Բացման արարողությունը եզրափակվել է հանդիսավոր երթով:

 

Հիշեցնենք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվելու է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

 

 

Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: 

 

Զորավարժության հիմնական նպատակներն են՝

 

խաղաղապահ գործողությունների շրջանակում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակի բարձրացում, 

 կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակման իրականացում, 

 ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդում:

 

Զորավարժությունը ներառում է նաև խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում