Միայն որակյալ կրթությամբ է հնարավոր ամրացնել մեր պետության հիմքերը, նոր գաղափարներով ու ստեղծագործ մտքով հարստացնել հասարակական ու պետական կյանքը. Ալեն Սիմոնյանի ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ և մանկավարժներ,
կրթական ու գիտական ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Սեպտեմբերի 1-ը առանձնահատուկ խորհուրդ ունի. այն նշանավորում է ոչ միայն նոր ուսումնական տարվա մեկնարկը, այլև գիտելիքի և կրթության հանդեպ անսահման պատասխանատվության վերահաստատումը: Միայն որակյալ կրթությամբ է հնարավոր ամրացնել մեր պետության հիմքերը, նոր գաղափարներով ու ստեղծագործ մտքով հարստացնել հասարակական ու պետական կյանքը:
Այս ճանապարհին կրթությունն ու գիտելիքը վճռորոշ դեր ունեն գիտակից քաղաքացու, հզոր հասարակության և մրցունակ տնտեսության ձևավորման հարցում:
Սիրելի՛ երեխաներ, պատանիներ ու երիտասարդներ, դուք եք մեր վաղվա օրվա կերտողները: Ձեր գիտելիքն ու հմտությունները պիտի ծառայեն մեր երկրի հետագա զարգացմանը, ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և հաստատված խաղաղության ամրապնդմանը:
Մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի նոր բացահայտումների, ստեղծագործ նախաձեռնությունների և անսպառ եռանդի շրջան: Թող այն առաջնորդի ձեզ դեպի անձնական մեծ նվաճումներ, իսկ մեր հասարակությանը պարգևի խաղաղություն, կայունություն և վստահություն վաղվա լուսավոր օրվա հանդեպ»:
Կարծիքներ