Ադրբեջանի հետ խորհրդակցություններ են անցկացվում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար․ Արմեն Գրիգորյան

Հայաստանը դիվանագիտական խողովակներով խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություններ ենք անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք, որովհետև դրա տեքստը վերջնականացված է և միակ անհրաժեշտությունը ստորագրելն է»,-հայտնել է Գիրգորյանը։
Նա նաև խոսել է խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտների մասին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը ներկայացնում է ստորագրման խոչընդոտների շուրջ իր մոտեցումները, իսկ հայկական կողմը ներկայացնում է իր մոտեցումները։
Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար Ադրբեջանը ներկայացրել է նախապայմաններ, որոնցից մեկը վերաբերում է Մինսկի խումը լուծարելուն, իսկ մյուսը՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելուն։
Արմեն Գրիգորյանը հիշեցրել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ դիմումը ստորագրել միաժամանակ, հայտնի է նաև Հայաստանի Սահմանադրության հարցում Երևանի դիրքորոշումը։
Անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական բնակավայրերի ուղղությամբ արձակվող կրակոցների վերաբերյալ դիտարկմանը՝ Գրիգորյանը հղում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տարածվող հաղորդագրություններին, ինչպես նաև հիշեցրել է հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների մասին Հայաստանից արված առաջարկների մասին։
Արմեն Գրիգորյանը նաև նշել է, որ Հայաստանը շարունակելու է աշխատել այն ուղղությամբ, որ ռազմական էսկալացիա չլինի։
Կարծիքներ