Պետություն, ինքնիշխանություն, անկախություն, զարգացում, ազատություն, բարեկեցություն ունենալը կախված է բացառապես մեր կայացրած որոշումներից. Փաշինյան
Այսօրվա Հայաստանում մենք լուծել ենք և լուծված ենք համարում մի պատմական խնդիր, որի մասին խոսել ենք դեռևս 2018 թվականին: Այդ խնդիրը հետևյալն է, որ մենք, ինչպես այն ժամանակ ձևակերպել էինք, պետք է կարողանանք հաղթահարել պատմությունից մեզ հասած ծանր ցիկլը, երբ Հայաստանը, աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով, երբեմն իրենից չկախված հանգամանքների բերումով ստանում է անկախություն, հայ ժողովուրդը ստանում է պետականություն, հետո էլի աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով՝ շատ դեպքերում՝ չկախված իր որոշումներից և իրենից, այդ պետականությունը և անկախությունը կորցնում է: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տարածած տեսանյութում ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա պարզաբանում է:
«2018-ին ես ձևակերպել եմ այս խնդիրը, որ մենք պետք է կարողանանք հաղթահարել, դուրս գալ պատմական ցիկլից և մտնել մի ցիկլի մեջ, որտեղ մեր՝ պետություն ունենալը կախված է բացառապես մեզնից և մեր կայացրած որոշումներից:
Եվ ահա, թույլ տվեք համոզմունքով և համոզված պնդել, որ 2020-2025 թվականներին մենք այս խնդիրը լուծեցինք: Մենք ոչ միայն հաղթահարեցինք պատմական ցիկլի բերումով առաջացած սպառնալիքները, այլև մտանք պատմական մի շրջափուլի մեջ, երբ պետություն, ինքնիշխանություն, անկախություն, զարգացում, ազատություն, բարեկեցություն ունենալը կախված է մեր, բացառապես մեր կայացրած որոշումներից:
Սա ձեռքբերում է, որը պատմական է, և ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն այս պատմական ձեռքբերումներին»,- ասաց նա:


Կարծիքներ