«Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի գործերով ժողովուրդը սպասելիքներ ունի, կհրապարակվի կոնկրետ արդյունքը. Պողոսյան

««Հոկտեմբերի 27»-ի հետ կապված քրեական վարույթը գաղտնի ռեժիմով է քննվում, բայց հավաստիացնում եմ, որ այս քրեական վարույթով մեծածավալ և հսկայական գործողություններ են կատարվում: «Մարտի 1»-ի հետ կապված էլ Քննչական կոմիտեն այս պահին գործողություններ է կատարում»:
Այս մասին Ազգային ժողովում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի, «Մարտի 1»-ի գործերին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններին առնչվող գործերի քննություններին:
«Ես տեղյակ եմ, որ այս գործերով առնվազն մեր հանրությունը և մեր ժողովուրդը սպասելիքներ ունեն և սպասում են կոնկրետ պատասխանների, իսկ մենք կոչված ենք, որ այդ պատասխանների հետ կապված գործողություններ ձեռնարկվեն, որպեսզի մյուս անգամ այստեղ գալիս ասելիք ունենանք»,- նկատեց նա:
Պողոսյանի խոսքով՝ չնայած ինքը մեծ գայթակղություն ունի մանրամասներ ներկայացնելու, թե այս գործերի մասով ինչ աշխատանքներ են կատարվել, բայց այդ գայթակղությանը կդիմանա, որ երբ ՔԿ-ն կոնկրետ արդյունք ունենա, հրապարակի այդ արդյունքը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե քննչական մարմինը կամ ՀՀ գլխավոր դատախազությունն ինչ հոդվածով են քննում 2020 թվականի նոյեմբերի 9-ին լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները՝ միայն Արարատ Միրզոյանի մահափորձի՞, թե՞ նաև իշխանության զավթման:
ՔԿ նախագահը նշեց՝ երկուսի էլ. «Քրեական վարույթներով ՔԿ-ն ակտիվ գործողություններ է իրականացնում նոյեմբերի 9-10-ի իրադարձությունների հետ կապված այս շաբաթ էլ և ամեն շաբաթ: Արդյունքը տեսանելի կլինի հանրությանը: Դրա հետ կապված մենք պարբերաբար հաղորդագրություններ կտարածենք»:
Անդրանիկ Քոչարյանն իր հերթին խոստացավ իր ելույթի շրջանակում ներկայացնել, թե ինչ «հետաքրքիր կապ» կա վերոնշյալ երեք գործերի միջև:
Կարծիքներ