Տարեցտարի ավելի շատ աղջիկներ և կանայք են որոշում դառնալ զինվորական. Պապիկյան

Տարեցտարի ավելի շատ աղջիկներ և կանայք են որոշում դառնալ զինվորական. Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում նշել է, որ գտնվում է կանանց գումարտակում, և ներկայացրել է, թե ինչպիսի պայմաններ են նախատեսված կին զինծառայողների համար:

«Գիտեք, որ ի սկզբանե կանանց գումարտակ ձևավորելու նպատակն էր, որ մենք կարողանայինք խրախուսել և հնարավորություն ընձեռել կանանց, որ նրանք կարողանային անցնել ծառայության, այդ թվում՝ ժամկետային զինծառայության: Գրեթե 2 տարի առաջ մենք ընդունեցինք օրենք, որը 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին թույլ էր տալիս ծառայել ՀՀ բանակում հետևյալ պայմաններով. դա լինում է ինքնակամ կամավոր սկզբունքով, բայց այն պահից, երբ մուտք է գործում ՀՀ բանակ, այդ օրվանից նրա ծառայությունը դառնում է պարտադիր:

Ծառայության ժամկետն է 6 ամիս, վեցամսյա ծառայության ավարտին մեր զինծառայողները ստանում են 1 մլն դրամ պատվո վճար: Սա կարևոր է նրանով, որ մեր հասարակության բոլոր անդամները, անկախ սեռից, կարողանան ծառայել ՀՀ բանակում և մասնակցել երկրի պաշտպանությանը ըստ անհրաժեշտության: Անսալով մեր հասարակությունում առկա՝ կանանց ցանկությանը՝ մենք այս որոշումն ընդունեցինք, և կարող եմ նաև ուրախությամբ նշել, որ այս փուլում մենք արդեն ունենք դրական արդյունքներ, և տարեցտարի, ամեն զորակոչին, ավելի շատ աղջիկներ և կանայք են որոշում ընդունում դառնալ զինվորական: Ամենահետաքրքիրն այն է, որ վերջին տարիներին ժամկետային զինծառայություն անցած աղջիկների հիմնական հատվածը որոշում է ընդունել դառնալ սպա, ինչն ավելի խրախուսելի է, որովհետև բոլորը պետք է իմանան, որ կարելի է ժամկետային զինծառայությունից միանգամից անցում կատարել Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և դառնալ ՀՀ բանակի սպաներ, ինչպես նաև օգտվել «Պաշտպան հայրենյաց» ծրագրից, այսինքն՝ վեցամսյա ծառայությունից հետո կարող են հնգամյա պայմանագիր կնքել ՊՆ-ի հետ, ծառայել որպես լիիրավ պայմանագրային և հնգամյա ծառայության ավարտին ստանալ 5 մլն դրամ:

Պայմանները բավականին լավն են. նախատեսված են ժամկետային զինծառայության և պայմանագրայինների համար ննջասենյակներ՝ 4 հոգու համար, որ ամբողջությամբ ինքնաբավ է, ունենք հագեցված լսարաններ, նոր ճաշարաններ, նոր բուժկետ: Կարծում եմ՝ սա շատ լավ հնարավորություն է այն աղջիկների համար, որոնք ուզում են ծառայել ՀՀ-ին և մեր բանակին»,- ասել է Պապիկյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում