Ակցիա ԱԳՆ շենքի դիմաց. հասարակական կարգի պահպանության համար միջամտել են ոստիկանները

Ակցիա ԱԳՆ շենքի դիմաց. հասարակական կարգի պահպանության համար միջամտել են ոստիկանները

Ինչպես հայտնի է, աշխատանքային երկօրյա այցով Հայաստանում է ՌԴ արտաքաին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Արևմտյան կողմնորոշում ունեցող մի խումբ քաղաքական գործիչներ և ակտիվիստներ ՀՀ Արտաքին գործերի շենքի դիմաց ակցիա են իրականացրել՝ Լավրովի այցի դեմ բողոք արտահայտող պաստառներով:

Նրանք փորձել են մոտենալ ԱԳՆ մուտքին, ինչից հետո ոստիկանները միջամտել են և բախումներից ու լարված իրավիճակից զերծ մնալու համար՝ ակտիվիստներին հեռացրել ԱԳՆ կամարների մոտից:

Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ ոստիկանությունն իր լիազորություններին համապատասխան, իրականացրել է հասարակական կարգի պահպանություն:

Հիշեցնենք՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան։ 

ՀՀ ԱԳՆ-ում տեղի էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը:

Լավրովը Միրզոյանի հետ հանդիպմանն ասել էր, որ Ռուսաստանի համար թանկ են Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, ժողովուրդների միջև խորը կապերը և հավելել՝ ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Միրզոյանն էլ նշել էր, որ հաստատում է պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը՝ 2 ժողովուրդների և երկու պետությունների շահերին համապատասխան»:

Լավրովը մայիսի 21-ին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում