Կառավարությունն ընդլայնում է ընտանիքների սոցիալական աջակցությունը․ 3-րդ և հաջորդ երեխաների նպաստը դառնում է մշտական
Կառավարության նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց օրենքների փոփոխությունների փաթեթ, որը վերաբերում է ծննդյան միանվագ նպաստներին, 3-րդ և հաջորդ երեխաների աջակցությանը, ինչպես նաև բոլոր տեսակի նպաստների ու կենսաթոշակների ամբողջական անկանխիկացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացնելով նախագծերը, նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ փոփոխությունների նպատակն է ուժեղացնել սոցիալական և ժողովրդագրական աջակցությունը ընտանիքներին և ապահովել նպաստների տրամադրման արդիական ու արդյունավետ համակարգ։
Նախարարի խոսքով՝ առաջին կարևոր փոփոխությունը վերաբերում է ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող պետական աջակցությանը, որը գործում էր 2022 թվականից և ավարտվելու էր 2025-ի վերջում։
«Առաջարկում ենք այս աջակցության ծրագիրը իր ավարտից հետո վերածել մշտական պետական նպաստի, որը կտրվի նույն տրամաբանությամբ՝ 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկան՝ ամսական 50 000 դրամ»,-նշեց նա։
Նա ընդգծեց, որ նոր՝ 20 տոկոս հետվճարի մեխանիզմի շնորհիվ ընտանիքները կկարողանան ամսական ստանալ մինչև 60 000 դրամ անկանխիկ առևտրի դեպքում։
Ընդհանուր առմամբ՝ մեկ երեխայի համար 6 տարվա ընթացքում աջակցությունը կկազմի 4 320 000 դրամ։
Նախարարի խոսքով՝ ծրագրով այս պահին աջակցություն ստանում է 38 816 երեխա, իսկ ծրագրի մեկնարկից առ այսօր ծախսվել է ավելի քան 51,8 մլրդ դրամ։


Կարծիքներ