Բնակարանային խնդիրներից մինչև քաղաքական մասնակցություն. քննարկում
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ինտեգրմանը վերաբերող հարցերն ենք քննարկել ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երրորդ ամենամյա համաժողովին։ Բնակարանային խնդիրներից մինչև քաղաքական մասնակցություն. քննարկումը նվիրված էր 2023-ի բռնի տեղահանությունից հետո առաջացած մարտահրավերներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
«Ինտեգրումից» դեպի լիարժեք «ներառում». կարծում եմ՝ շատ ավելի ճիշտ է օգտագործել «ներառում» հասկացությունը, քանի որ այն չի ենթադրում միայն ֆիզիկական ներկայություն, այլև լիարժեք մասնակցություն բոլոր գործընթացներին, ադապտացիա և արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն։
Մշակութային և էմոցիոնալ միասնականություն. ի տարբերություն այլ երկրների փախստականների փորձի՝ մենք չունենք լեզվական, կրոնական կամ էթնիկ պատնեշներ։ Մենք ունենք նույն էմոցիոնալ կապը, նույն ցավն ու ուրախությունը, ինչը նշանակում է, որ ինտեգրման ամենալուրջ խոչընդոտն ի սկզբանե գոյություն չունի։
Պետք է հաշվի առնենք աշխարհագրական կամ համայնքային որոշակի սովորույթների տարբերությունները (քաղաքային կամ գյուղական բնակավայրեր, մարզային առանձնահատկություններ), ավելի մեծ ջանքեր ներդնենք սոցիալական ներառման հարցում՝ զերծ մնալով կարծրատիպերից և շարունակելով ոլորտային քննարկումները։
Հանդիպմանն իմ պատրաստակամությունն եմ վերահաստատել՝ նպաստելու այն խնդիրների քննարկմանը և լուծմանը, որոնք այսօր դեռևս արդիական են բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար»,- մասնավորապես ասել է Բաթոյանը։


Կարծիքներ