Ռուսաստանի ԱԴԾ-ն Ռոստովի մարզում ընկած երկու արկի մասին է հայտնել

Ռուսաստանի ԱԴԾ-ն Ռոստովի մարզում ընկած երկու արկի մասին է հայտնել

ՌԴ սահմանապահ ծառայության աշխատակիցները Ռոստովի մարզի տարածքում երկու արկի անկում են արձանագրել, ասվում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության հաղորդագրության մեջ, որը ստացել է РБК-ն։

Դա տեղի է ունեցել Դոնբասում իրավիճակի սրման եւ տարածաշրջանում հրետակոծությունների ավելացման ֆոնին։

«Արկերից մեկը պայթել է ռուս-ուկրաինական սահմանից 2 կմ հեռավորությամբ՝ Տարասովսկի շրջանի Միտյակինսկայա գյուղի ծայրամասում։ Մեկ այլ արկ ավերել է Տարասովսկի շրջանի Մանոցկի ֆերմայում գտնվող մասնավոր տնային տնտեսության տարածքում գտնվող տնտեսական շինությունը»,- հայտնել են անվտանգության ծառայությունից։ Զոհեր եւ վիրավորներ չկան։ Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում, ասվում է հաղորդագրության մեջ։

Երկու արկերի պայթյունի մասին հայտնի է դարձել շաբաթ օրը, ավելի վաղ։ Առաջին պայթյունը, ըստ լրատվամիջոցների, տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ին, երկրորդի մասին հայտնի է դարձել օրվա կեսին, իսկ ավելի ուշ դեպքի վայրից տեսանյութ է հայտնվել։

Մինչդեռ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հերքել է այս տեղեկատվությունը՝ այն անվանելով «ֆեյքային»։

Նա հայտարարել է, որ «բացարձակապես անհնար է նույնիսկ պատկերացնել, որ ուկրաինական բանակում որեւէ մեկի մտքով կանցնի հրետակոծել Ռուսաստանի տարածքը, երբ ռուսական զորքերի նման խմբավորում է կենտրոնացած Ուկրաինայի սահմանների մոտ, եւ առավել եւս, երբ Ռուսաստանի միջուկային ուժերի զորավարժություններ են անցկացվում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում