ՀՀ Կառավարությունը հրավիրում է հասարակության ներկայացուցիչների՝ ներգրավվելու ռազմավարությունների մշակման շուրջ քննարկումներում
ՀՀ Կառավարությունը հրավիրում է քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների՝ ներգրավվելու ռազմավարությունների մշակման ու կատարողականի քննարկման աշխատանքներում։
Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում 2025 թվականի սեպտեմբերին Կառավարության աշխատակարգում փոփոխությամբ՝ հիմք դրվեց ռազմավարական կառավարման նոր համակարգի անցման համար: Վերջինս միտված է անցում կատարել բացառապես փաստաթղթի մշակման վրա կենտրոնացած պլանավորման համակարգից տվյալահենք, արդյունքամետ կառավարման։ Նոր համակարգով՝ (1) հստակեցվել է ռազմավարական պլանավորման փաստաթղթերի աստիճանակարգությունը, (2) սահմանվել են մեթոդական հստակ պահանջներ ու ձևաչափեր, (3) նախանշվել է ռազմավարական կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը՝ պատասխանատու գերատեսչություններով ու ընթացակարգերով, (4) ներդրվել է մշտադիտարկման ու կատարողականի կառավարման նոր համակարգ՝ իր թվային գործիքով, որը ներկայումս մշակման փուլում է։
Ռազմավարական կառավարման նոր համակարգը նախատեսում է 6 ռազմավարությունների մշակում ու իրականացում։ Վերջիններս ընդգրկում են Սահմանադրությամբ ու օրենքներով պետական կառավարման համակարգի մարմիններին վերապահված գործառույթները՝ դրանք համախմբելով՝ ըստ ոլորտային կապակցվածության։ Ռազմավարությունների մշակման աշխատանքների համակարգման և կատարողականի քննարկման համար Վարչապետի որոշմամբ ստեղծվել են 6 աշխատանքային խմբեր՝ փոխվարչապետի նախագահությամբ ու շահառու մարմինների ներգրավմամբ։
Կարևորելով ռազմավարական կառավարման համակարգում մասնակցային գործընթացները՝ նույն որոշմամբ 6 աշխատանքային խմբերի ձևավորմանը զուգահեռ յուրաքանչյուր աշխատանքային խմբի ներքո ստեղծվում է քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի ու մասնավոր հատվածի ոչ ֆորմալ հարթակ (այսուհետ՝ ՔՀԿ հարթակ): ՔՀԿ հարթակները քննարկում են ռազմավարական փաստաթղթերը, դրանց իրականացման ու առաջընթացի զեկույցները, ինչպես նաև ներկայացնում են դրանց ուղղությամբ իրենց կողմից իրականացվող ծրագրերը, վերլուծություններն ու առնչվող կարծիքները։
Ռազմավարական կառավարման աշխատակարգով նախատեսված են ռազմավարություններ՝ հետևյալ 6 ուղղություններով՝
1. Անվտանգություն և արտաքին քաղաքականություն, որն առնվազն ընդգրկում է պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և ներքին անվտանգությանը, կիբեռանվտանգությանը, պարենային անվտանգությանը և աղետների ռիսկերի կառավարմանը վերաբերող հարցեր.
2. Մարդկային կապիտալ և բարեկեցություն, որն առնվազն ընդգրկում է ժողովրդագրությանը (ներառյալ՝ միգրացիային), առողջապահությանը, առողջ ապրելակերպին և սպորտին, շրջակա միջավայրի պահպանությանը, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությանը, հիմնարար գիտությանը, մշակույթին և սոցիալական պաշտպանությանը, այդ թվում՝ աղքատությանը, զբաղունակությանը վերաբերող հարցեր.
3. Տնտեսական փոխակերպում և կայուն զարգացում, որն առնվազն ընդգրկում է տնտեսության կառուցվածքային, այդ թվում՝ կանաչ վերափոխմանը, զբաղվածությանը, բնական ռեսուրսների կառավարմանը, նորարարությանը, բարձր տեխնոլոգիաների, առևտրի, ֆինանսական համակարգի ու կապիտալի շուկայի, ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր.
4. Տարածքային և ենթակառուցվածքների զարգացում, որն առնվազն ընդգրկում է հողերի կառավարմանը, քաղաքաշինությանը և տարածական պլանավորմանը, տրանսպորտին և տրանսպորտային ենթակառուցվածքին (այդ թվում` ուղիներին, ճանապարհներին և ճանապարհային անվտանգությանը), կապին և հեռահաղորդակցության ենթակառուցվածքին (այդ թվում՝ մալուխային ցանցին), ջրային համակարգերին, թափոններին, էներգետիկական ենթակառուցվածքներին և արտադրությանը վերաբերող հարցեր.
5. Արդարադատության ոլորտի բարեփոխումներ, որն առնվազն ընդգրկում է դատական համակարգին և վեճերի լուծման դատական և արտադատական եղանակներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, հակակոռուպցիոն քաղաքականությանը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգերի զարգացմանը, ինչպես նաև ինստիտուցիոնալ իրավական բարեփոխումներին վերաբերող հարցեր.
6. Հանրային կարառավարման բարեփոխումներ, որն առնվազն ընդգրկում է քաղաքականությունների մշակմանը, տեղական ինքնակառավարմանը, հանրային ֆինանսների և ակտիվների կառավարմանը, ծառայությունների և վարչարարական գործառույթների կատարելագործմանը, տվյալների կառավարմանն ու թվային փոխակերպմանը, ինչպես նաև հանրային կառավարման համակարգում մարդկային ռեսուրսների կառավարմանը վերաբերող հարցեր:
Խորհրդատվական հարթակում ներառվելու պահանջներն ու ընթացակարգը
Հայտեր կարող են ուղարկել հետևյալ կազմակերպությունները՝ առաջարկելով համապատասխան թեկնածություններ՝
1. Պետական գրանցում ունեցող այն հասարակական կազմակերպությունները, որոնք համապատասխան ոլորտում (ըստ ռազմավարական ուղղության) ունեն առնվազն 3 տարվա փորձառություն և տվյալ ժամանակահատվածի գործունեությունը կարող են փաստել իրենց կողմից իրականացված ծրագրերի փաստաթղթերով:
2. Ակադեմիական գործունեություն իրականացնող միավորները (օրինակ՝ բուհեր, վերջիններում գործող ակադեմիական միավորներ՝ ֆակուլտետներ, կենտրոններ և այլն):
3. Մասնավոր հատվածը՝ ՀՀ օրենսդրության համաձայն ստեղծված և առնվազն 5 տարի գործող մասնավոր իրավաբանական անձ, որն ունի առնվազն 50 աշխատող:
Ուղարկվող փաստաթղթերի ցանկը՝ այստեղ:


Կարծիքներ