Սյունիքով միջանցքի թեման փակվում է. բացառիկ մանրամասներ ԱՄՆ-ից

Medianews-ին հայտնի են դարձել բացառիկ մանրամասներ Թրամփ–Փաշինյան–Ալիեւ հանդիպման արդյունքներում ստորագրվելիք փաստաթղթերի գործնական արդյունքների մասին․
– Միջանցքի թեման փակվում է։ Չկա միջանցք, կան բացվող ճանապարհներ, Հայաստանի Հանրապետության ապաշրջափակում, այո նաեւ ՀՀ տարածքով դեպի Նախիջեւան անցում։ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ճանապարհներն օգտագործելու են նույն պայմաններով, միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում, փոխադարձության հիման վրա։ Հայաստանը երկաթուղային կապ է ստանալու արտաքին աշխարհի հետ՝ դեպի Իրան, դեպի Չինաստան, Կենտրոնական Ասիա, Ռուսաստան։
– Հայաստանով անցնող ենթակառուցվածքները գտնվելու են ՀՀ ինքնիշխանության ներքո, այսինքն՝ ինչպես ՀՀ ցանկացած այլ տարածքում գործելու են ՀՀ օրենքները, ՀՀ պետական ինստիտուտները, իրավապահները եւ այսպես շարունակ։
– «Թրամփի ուղի»–ն «Խաղաղության խաչմերուկ» նախագծից բխող ենթակառուցվածքային ներդրումայն ծրագիր է, որը ձեւով աննախադեպ չէ Հայաստանի համար, նման ծրագրեր այսօր էլ կան՝ օրինակ՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» եւ «Զվարթնոց միջազգային օդանավակայանի» կառավարում, բայց «Թրամփի ուղի»–ն աննախադեպ է իր ներդրումային մասշտաբներով եւ աշխարհի համար Հայաստանը որպես գրավիչ տնտեսական խաչմերուկ դարձնելու պոտենցիալով։ Այս ներդրումյանին ծրագիրը ոչ միայն երկաթուղու եւ ավտոճանապարհների մասին է, այլեւ գազամուղերի, նավթամուղերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների, որոնց անցումը ՀՀ տարածքով ոչ միայն ահռելի եկամուտների, այլեւ անվտանգության էական աղբյուր է։
– ԱՄՆ նախագահի ներկայությամբ նախաստորագրվելու է Խաղաղության համաձայնագիրը, Կողմերը ԱՄՆ նախագահի ներկայությամբ պարտավորվում են պահպանել խաղաղությունը, բացառել վրեժխնդրությունը, հրաժարվել միմյանցից տարածքներ գրավելու գործելակերպից՝ այսօր եւ ապագայում, հիմնված այն փաստի վրա, որ Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ տարածքները նույնական են անկախ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքների հետ։
– Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսպիսով փաստացի խաղաղություն կհաստատվի։ Իսկ Վաշինգտոնում ընդունված կարձանագրվի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության Համաձայնագիրը պետք է ստորագրվի, վավերացվի եւ ԱՄՆ նախագահն է սրա համար պատասխանատվություն վերցնում։
Կարծիքներ