Սևանի «Հարսնաքարի» վերաբերյալ Գլխավոր դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ. անշարժ գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց

Սևանի «Հարսնաքարի» վերաբերյալ Գլխավոր դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ. անշարժ գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ Դատախազությունը մեկնարկել է Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազը նաև տեղեկացրել էր, որ Դատախազության կողմից մի շարք գույքերի վերաբերյալ հայցեր են ներկայացվել դատարան, որոնց թվում էին նաև՝

«Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրը (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե),

«Հարսնաքար» հյուրանոցի քոթեջները (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե),

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե):

Վերոնշյալ երեք հայցերն ընդունվել են դատարանի վարույթ:

Հարսնաքար» հյուրանոցի քոթեջների հայցով, որը վերաբերում է  «Հարսնաքար» ՍՊԸ-ի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 2003 թվականի փետրվարի 3-ին կնքված հողատարածքի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու և հողատարածքի վրա կառուցված շենքերն ու շինությունները Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու պահանջին, կիրառվել է հայցի ապահովման միջոց. պատասխանողին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումում նշված շենքերի, շինությունների սեփականատիրոջ փոփոխությանը:

Հիշեցնենք, որ Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ վարձակալության պայմանագրի կնքման որևէ հիմք առկա չի եղել: Մասնավորապես՝ վարձակալության պայմանագրի կնքումից առաջ մրցույթ փաստացի չի անցկացվել, ինչպես նաև բացակայել են Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 36-րդ կետով սահմանված՝ հողատարածքն առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրելու հիմքերը:

Տեղեկացնենք նաև, որ 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 33 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 83 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում