Ադրբեջանի նախագահի օգնականը խնդրել է մի քանի ուղերձներ փոխանցել Հայաստանի հասարակությանը. Քոչինյանը մանրամասնում է
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ նա խնդրել է մի քանի ուղերձներ փոխանցել Հայաստանի հասարակությանը: Այդ մասին Բաքվից վերադառնալուց հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը:
«Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպման ժամանակ նա խնդրել է մի քանի ուղերձներ փոխանցել Հայաստանի հասարակությանը. առաջինն այն է, որ պատերազմն ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, որ կոնֆլիկտն ավարտվել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտն իրենց համար ավարտված է, որ իրենք ուզում են այս չպատերազմ վիճակից կառուցել խաղաղություն և գնալ դեպի խաղաղություն, և որ նրանց համար չափազանց կարևոր է այս մեսիջը մեր միջոցով Հայաստանի հասարակությանը փոխանցելը, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ և երկարաժամկետ խաղաղություն կառուցել ու պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ, և [այն], որ երևի թե չափազանց կարևոր է, Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի:
Սրանք բառացի այն ուղիղ մեսիջներն էին, որոնք Ադրբեջանի նախագահի օգնականը խնդրել էր փոխանցել Հայաստանի հասարակությանը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում օրերս՝ նոյեմբերի 21-22-ին, Ադրբեջան էր այցելել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբ։ Հայաստանի ներկայացուցիչներ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել էին ադրբեջանցի գործընկերների՝ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, Քյամալա Մամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։


Կարծիքներ