2023-ի համեմատությամբ 2025-ին ունեցել ենք զորակոչի թվերի 19 տոկոս աճ. Պապիկյան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է զորակոչին՝ նշելով, որ նախորդ տարի զորակոչի աճ է գրանցվել:
«2023-ի համեմատությամբ 2025 թվականին ունեցել ենք զորակոչի 19 տոկոս աճ: Սա մեր փոփոխությունների՝ ոչ միայն օրենսդրական, այլև Կառավարության որոշումների՝ մասնավորապես 404, 405 որոշումների փոփոխության արդյունքներն են: Սա համարում եմ էական հաջողություն»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ մեծ կարևորություն է տալիս 25-օրյա հավաքներին:
Պապիկյանը դրանք վերջին տարիների նշանակալի ձեռքբերումներից է որակել:
«Մասնավորապես սա ապահովելու է պահեստազոր, թիկունք և բանակ կապը, որովհետև առիթ եմ ունեցել նաև ասելու, որ սա մեր մեծագույն խնդիրներից էր մասնավորապես 44-օրյա պատերազմի ժամանակ: Չեմ ասի, որ խնդիրը ամբողջությամբ հաղթահարված է, բայց հիմնաքարը դրված է: Մենք արդեն ունենում ենք, ըստ էության, 100 տոկոս համալրում պահեստազորի 25-օրյա հավաքների: Սա նշանակում է, որ մեր օրենսդրական փոփոխությունները, մեր պատկան մարմինների հետևողականությունը, տարածքային կառավարման մարմիններ, կառավարություն և ՏԻՄ համագործակցությունը, ինչպես նաև վերջերս հնարավորություն ենք ընձեռել սրան մասնակից դառնալ ռազմական ոստիկանությանը, և կարծում եմ, որ սա տալիս է իր դրական պտուղները»,- նշել է Սուրեն Պապիկյանը:


Կարծիքներ