Վահան Քերոբյանը հանդիպել է Կատարի առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Սուլթան բին Ռաշեդ ալ-Խաթրի հետ

Վահան Քերոբյանը հանդիպել է Կատարի առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Սուլթան բին Ռաշեդ ալ-Խաթրի հետ

Երկօրյա աշխատանքային այցով Դոհայում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Կատարի առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Սուլթան բին Ռաշեդ ալ Խաթրի հետ։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն իր գործընկերոջը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության հիմնական ուղղությունները, հայկական արտադրանքը, արտահանման հիմնական շուկաները, գերակա ոլորտները (մասնավորապես քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, ոսկեգործությունը և ադամանդագործությունը, թեթև ադրյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները)։

Սուլթան բին Ռաշեդ ալ Խաթրը հետաքրքրվածություն է հայտնել Վահան Քերոբյանի կողմից նշված ոլորտների, ինչպես նաև Հայաստանի անշարժ գույքի ոլորտի նկատմամբ։ Նա նաև կարևորել է սննդամթերքի և պարենային անվտանգության տեսանկյունից ռազմավարական պահուստի առկայությունը որոշակի ժամանակահատվածի համար և առաջարկել համագործակցել այս ուղղությամբ ևս։ 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ստարտափների զարգացման հարցում համագործակցության հնարավորություններին։ Խոսվել է ոլորտը կարգավորող հուշագրերի ստորագրման անհրաժեշտության մասին։

Հյուրընկալող կողմը համագործակցության պատրաստակամություն է հաստատել ինչպես պետական մակարդակով, այնպես էլ գործարար համայնքի մասնակցությամբ։

Կողմերը միակարծիք են, որ արդյունավետ համագործակցության համար անհրաժեշտ է որոշել ընդհանուր հետաքրքրությունների շրջանակը տարբեր ցուցահանդեսների, տոնավաճառների, գործարար համաժողովների, փոխադարձ այցելությունների կազմակերպման միջոցով։

Նշված հարցերը ևս մեկ անգամ քննարկելու նպատակով առաջարկություն է եղել հաջորդ հանդիպումը կազմակերպել Հայաստանում։ 

Նախարար Վահան Քերոբյանի՝ Կատարի ներդրումային գործակալության գործադիր տնօրեն Մանսուր ալ Մահմուդի հետ հանդիպման ժամանակ վերջինս պատրաստակամություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ իրականացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում