Մաղձը գլխներումդ, թուքը շուրթերին՝ օգուտ չեք տալիս պետությանը․ Հարությունյանը՝ մամուլի հրապարակումների մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրվա մամուլի հրապարակումներին:
«Կարդում եմ առավոտյան մամուլը և հերթական անգամ արձանագրում, որ ընդդիմադիր համարվող լրատվամիջոցների մեծ մասը կա՛մ պատկերացում չունի, թե մեր երկրում ինչ է կատարվում, կա՛մ կեղծում է իրականությունը խմբային ու անձնական շահերի համար: Կարծում եմ, թերևս, երկու երևույթն էլ առկա է:
Ու մաղձը գլխներումդ, թուքը շուրթերին՝ դուք օգուտ չեք տալիս պետությանը, որովհետև ցանկացած երկրի իշխանության համար կարևոր է, որ լինի առողջ քննադատություն՝ հիմնված իրական խնդիրների վրա, որովհետև եթե քննադատությունը խմբային/շահադիտական հիմքեր ունի՝ հիմնված կեղծ փաստերի վրա, իշխանությունը չի կարող դրանք շտկել, հետևաբար լրացուցիչ օգուտ բերել պետությանն ու քաղաքացուն: Ու ստացվում է, որ ձեր այդ հրապարակումները արդյունք չեն ունենալու, ու դուք շարունակ հեռանալու եք հանրությունից և քաղաքացուց․ սա պարզ քաղաքագիտական ճշմարտություն է:
Դուք նվեր եք ձեր ընդդիմախոսների համար:
Հ.Գ. Որոշները կասեն՝ է, թող շարունակեն նույն ոգով, թող շարունակեն խայտառակվել և լուսանցք տեղափոխվել, մեզ դա օգուտ է: Բայց այս ամենը գրում եմ, որովհետև մեզ համար խմբային շահը չէ կարևոր, այլ պետության ու քաղաքացու»,- գրել է նա:
Կարծիքներ