Օգոստոսի 1-ից տրանսպորտի QR կոդի թղթային տարբերակն աստիճանաբար դուրս կգա շրջանառությունից՝ փոխարինվելով ավելի հարմար ու հուսալի լուծումներով․ Երևանի քաղաքապետարան

Երևանում արդեն գործում է հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը՝ 4 տարբեր վճարման կրիչներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Դրանցից մեկը՝ թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բայց իրականում այն սկսել են հաճախ օգտագործել նաև ամենօրյա ուղևորները:
QR կոդը միշտ չէ, որ լավ է տպվում թղթի վրա, ինչի հետևանքով հաճախ չի ընթերցվում սարքի կողմից՝ ուղևորի համար ստեղծելով անհարմարություն, ինչպես նաև առաջացնում է այլ տեխնիկական և գործառնական խնդիրներ, որոնք խոչընդոտում են համակարգի հուսալի և սահուն աշխատանքը:
Հաշվի առնելով տեխնոլոգիական և էկոլոգիական գործոնները՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակը աստիճանաբար դուրս կգա շրջանառությունից՝ փոխարինվելով ավելի հարմար ու հուսալի լուծումներով.
Տրանսպորտային քարտ,
Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերերից, բացի ՎՏԲ-ից),
Բջջային հավելված:
Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝
Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից,
Telcell սպասարկման կետերից,
Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:
Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝
transport.yerevan.am կայքում,
Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում:
Սա հերթական քայլն է դեպի հարմարավետ, էկոլոգիապես պատասխանատու և ժամանակակից քաղաքային տրանսպորտ»,- հայտնում են քաղաքապետարանից:
Կարծիքներ