ՀՀ նախագահն ու Իրանի փոխնախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ

ՀՀ նախագահն ու Իրանի փոխնախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ

2025 թ. օգոստոսի 4-ին աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։

Հանդիպման մեկնարկին կողմերը փոխանակել են ողջույնի խոսքեր և ընդգծել երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունների և բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը, որ հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:

Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մեղրի-Քաջարան հատվածում իրանական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները՝ կարևորելով դրանց նշանակությունը տարածաշրջանային կապուղիների զարգացման գործում։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և զարգացումների շուրջ՝ ընդգծելով բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համագոյակցության սկզբունքների ամրագրումը որպես կայունության և զարգացման հիմք ողջ տարածաշրջանի համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում