Իլոն Մասկի Starlink-ն Իրանում անվճար ինտերնետային կապ է տրամադրում շարունակվող ցույցերի ֆոնին

Իլոն Մասկի Starlink-ն Իրանում անվճար ինտերնետային կապ է տրամադրում շարունակվող ցույցերի ֆոնին

Իլոն Մասկի SpaceX ընկերությունն այժմ իր Starlink արբանյակային ծառայության միջոցով անվճար ինտերնետ է տրամադրում Իրանի օգտատերերին, մինչ երկրում շարունակվում են հակակառավարական ցույցերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Starlink-ի իրանցի օգտատերերի հետ կապի մեջ գտնվող տեխնոլոգիական փորձագետի։

Իրանում Starlink-ի օգտահաշիվները, որոնք նախկինում չէին գործում, այժմ ակտիվ են, իսկ դրանց բաժանորդագրության վճարները հունվարի 13-ից չեղարկվել են, հայտնել է Holistic Resilience տեխնոլոգիական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն Ահմադ Ահմադիանը։

«Պարզապես տեղադրիր (խմբ.՝ արբանյակային տերմինալը) այնպիսի վայրում, որտեղից երկինքը պարզ երևում է, և ամեն ինչ պատրաստ է», - ասել է նա CNN-ին։

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իլոն Մասկի հետ հեռախոսազրույցում քննարկել էր Իրանում Starlink-ի հասանելիության հարցը։ SpaceX-ը և Սպիտակ տունը հրաժարվել են մեկնաբանել այս լուրերը։

Մի քանի օր շարունակ Իրանում արգելափակվել էր ինտերնետի հասանելիությունը։ Հունվարի 13-ին երկրի իշխանությունները մեղմացրել էին որոշ սահմանափակումներ և երկրի բնակիչներին թույլ տվել բջջային հեռախոսով զանգել արտերկիր։

Միևնույն ժամանակ, «Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը» հայտնել է, որ երկրում ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 2571-ի։ Նշվում է, որ նրանցից 2403-ը ցուցարարներ են, 147-ը՝ անվտանգության ուժերի անդամներ։ Հաղորդվում է նաև 18 100 մարդու ձերբակալության մասին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում