Երիտասարդներին պետք է դիտարկել լիարժեք գործընկերներ և փոփոխությունների շարժիչ ուժ. Համբարձում Մաթևոսյան

Երիտասարդներին պետք է դիտարկել լիարժեք գործընկերներ և փոփոխությունների շարժիչ ուժ. Համբարձում Մաթևոսյան

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը UNEA-7-ի շրջանակում մասնակցել է Կենսաբազմազանության պահպանության գործում երիտասարդների դերին նվիրված միջոցառման, որտեղ ներկայացրել է Հայաստանի տեսլականը կենսաբազմազանության պահպանման և Բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի (MEAs) իրականացման գործընթացում երիտասարդների մասնակցության վերաբերյալ։

 

Ինչպես հայտնում են ՇՄՆ-ից, նախարարը իր ելույթում շեշտել է, որ երիտասարդների ներգրավվածությունը ազգային մակարդակում բնապահպանական քաղաքականությունների իրականացման առանցքային նախապայման է․ նրանք բերում են նորարար գաղափարներ, ուժեղացնում են հաշվետվողականությունը, խթանում են գիտության վրա հիմնված մոտեցումների իրագործումը։ Երիտասարդներին պետք է դիտարկել լիարժեք գործընկերներ և փոփոխությունների շարժիչ ուժ՝ ապահովելով նրանց մասնակցությունը որոշումների ընդունման բոլոր փուլերում։

 

Հարցերին ի պատասխան Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է բնապահպանական գործընթացներին երիտասարդների ներգրավման հայաստանյան փորձը, խոսել էկոկրթական ծրագրերից և ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունից: «Քանի որ Հայաստանը լինելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի` COP17-ի հյուրընկալ երկիրը, մեզ համար առաջնահերթ է ապահովել ներառական ու մասնակցային գործընթացներ, ընդլայնել երիտասարդների ներգրավվածությունն ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում»,- նշել է նա։ Միևնույն ժամանակ, նախարարը կառավարություններին կոչ է արել խորացնել համագործակցությունը քաղաքացիական հասարակության և երիտասարդական կառույցների հետ, ստեղծել ինստիտուցիոնալ մեխանիզմներ երիտասարդների մասնակցության համար հետազոտության, քաղաքականության մշակման, մոնիթորինգի և հաշվետվողականության բոլոր փուլերում, ինչպես նաև արդյունավետ հաղորդակցությամբ ու ընդգրկուն քաղաքականություններով կամրջել սերունդների և սեռերի միջև ընկալումների տարբերությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում