Ամեն ինչին այսպես մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այսօր այս վիճակում է. Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համակարգից գումարներ դուրս բերելու մեխանիզմները բազմազան և շատ ավելի խորքային են եղել։ Այսօրվանից սկսում եմ անդրադառնալ այդ մեխանիզմներին՝ մաս առ մաս, բացառապես փաստերի հիման վրա։ Այս մասին գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:
«Մինչ ՀԷՑ-ը տոկոսով վարկեր էր վերցնում՝ իր հիմնական գործունեությունը և համակարգի պահպանումը ֆինանսավորելու համար, նույն ժամանակահատվածում նաև անտոկոս փոխառություններ է տրամադրել փոխկապակցված ընկերություններին։
Մասնավորապես՝ «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրամադրվել է 6 մլրդ 373 մլն դրամ, «Հիդրո Ինվեստ Գրուպ» ընկերությանը՝ 72 մլն դրամ անտոկոս փոխառություն։ Առաջին ընկերության գլխավոր տնօրենը Նարեկ Կարապետյանն է, երկրորդինը՝ ՀԷՑ-ի նախկին ղեկավար կազմի անդամների որդիները։
Այդ գումարները պետք է դառնային ներդրումներ՝ մաշված մալուխների, ենթակայանների և ամբողջ էլեկտրացանցի արդիականացման համար։ Փոխարենը դրանք դուրս են բերվել ՀԷՑ-ից՝ մասնավոր շահերի սպասարկման նպատակով՝ խորացնելով համակարգի տեխնիկական և ֆինանսական խնդիրները։
Հ. Գ. նկատեցի, որ Նարեկ Կարապետյանը խոսել է վարորդական իրավունքից զրկվածների վարելու իրավունքը վերականգնելու մասին։ Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես են խորքային փաստերը թողած փորձում սոցիալական զգայուն հարցերով շեղել և դիվիդենտներ հավաքել։
Ինչո՞ւ է հանրային ռազմավարական օբյեկտ հանդիսացող ընկերությունը` ՀԷՑ-ը, քո ղեկավարած ընկերությանը միլիարդավոր դրամների անտոկոս վարկ տվել։ Կարո՞ղ է պետական պարտքից հաճախ խոսում եք, որովհետև նույն տրամաբաբությամբ ուզում եք պետությունն էլ տոկոսով վարկ վերցնի և ձեր անձնական բիզնեսներն անտոկոս ֆինանսավորի։ Եվ վերջում. եթե խմածության պատճառով վարորդական իրավունքից զրկված մարդը վաղը հետ ստանա այդ իրավունքը և ինչ-որ քաղաքացու կյանքին վտանգ սպառնա, այդ ժամանակ ո՞վ է պատասխան տալու։
Ամեն ինչին այսպես մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այսօր այս վիճակում է»,- գրել է Մանավազյանը։


Կարծիքներ