«Զանգեզուրի միջանցք» խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել ՀՀ տարածքին. վարչապետի խոսնակի պարզաբանումը

«Զանգեզուրի միջանցք» խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել ՀՀ տարածքին. վարչապետի խոսնակի պարզաբանումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Կոպենհագենում հոկտեմբերի 2-ին կայացած հանդիպմանը քննարկվել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը: Հայաստանը վերահաստատում է, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել ՀՀ տարածքին։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի գրավոր հարցմանը:

- Ադրբեջանի նախագահը Թյուրքական պետությունների կազմակերպության՝ Գաբալայում կայացած հանդիպման ժամանակ իր ելույթում կրկին օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը, և Կոպենհագենում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում այդ թեման արդյոք քննարկվե՞լ է։

- Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Կոպենհագենում կայացած հանդիպման արդյունքներով երկու կողմերն էլ տարածել են մամուլի հաղորդագրություն, որից ակնհայտ է, որ երկու կողմերն ընդունում են՝ Հայաստանի տարածքին առնչվում է TRIPP նախագիծը, հետևաբար Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ նախագիծ չկա և չի կարող լինել։

Հարցը, այո, քննարկվել է Կոպենհագենի հանդիպման ընթացքում, և մենք վերահաստատում ենք, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել Հայաստանի Հանրապետության տարածքին։

Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են միայն TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում