Թրամփը մտածում է միանալ Իսրայելի հարվածներին Իրանի միջուկային օբյեկտների դեմ

Թրամփը մտածում է միանալ Իսրայելի հարվածներին Իրանի միջուկային օբյեկտների դեմ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է միանալ Իսրայելի՝ մի քանի օր շարունակվող ռազմական գործողություններին՝ Իրանի միջուկային ենթակառուցվածքների դեմ հարվածներ հասցնելու նպատակով։ Այս մասին հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարության և հետախուզական ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների։

Հնարավոր թիրախներից մեկը համարվում է Ֆորդոն՝ ստորգետնյա ուրանի հարստացման կենտրոնը, որը, փորձագետների գնահատմամբ, առանցքային նշանակություն ունի Իրանի միջուկային ծրագրի համար։ Կայանը գտնվում է գրեթե 90 մետր խորության վրա և լավ պաշտպանված է հակաօդային պաշտպանության համակարգերով։ Համարվում է, որ հենց այստեղ Իրանն ունի հնարավորություն արագ զարգացնելու միջուկային զենքի ծրագիր։

Թրամփի խորհրդականների շրջանում այս հարցում համախոհություն չկա։ Թեման քննարկվել է երեքշաբթի՝ Սպիտակ տանը կայացած ազգային անվտանգության թիմի նիստում։ Նիստին մասնակցել են փոխնախագահ ՋեյԴի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը, Մերձավոր Արևելքի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԿՀՎ ղեկավար Ջոն Ռաթքլիֆը։

Իսրայելը հայտարարել է, որ Իրանը արագ քայլեր է ձեռնարկում միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ։ Սակայն ԱՄՆ հետախուզական ծառայությունները նախկինում գնահատել են, որ Իրանը դեռ չի սկսել զենքի արտադրությունը, թեև ճնշումներն աճել են։

ՄԱԳԱՏԷ-ի վերջին տվյալներով՝ Թեհրանը զգալիորեն մեծացրել է հարստացված ուրանի պաշարները՝ մոտենալով ռազմական օգտագործման հնարավոր շեմին։ Իրանը պնդում է, որ իր ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում։

Թեև պաշտոնապես ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի մասնակցում Իսրայելի հարվածներին, ըստ CBS News-ի, ամերիկյան ուժերը աջակցել են Իսրայելին՝ Իրանի արձակած հրթիռները որսալու գործում։

Նախագահ Թրամփը երեքշաբթի գրել է․ «Մենք հիմա լիարժեք վերահսկում ենք Իրանի երկինքը»։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը գիտի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի գտնվելու վայրը, սակայն հավելել է․ «Մենք նրան չենք ոչնչացնի (առայժմ)»։

Ավելի վաղ CBS News-ը հայտնել էր, որ Թրամփը մերժել է Իսրայելի պլանը՝ թիրախավորելու Խամենեիին։

Նախագահի վերջին գրառումը՝ «Անվերապահ հանձնում» (UNCONDITIONAL SURRENDER), հարցեր է առաջացրել ԱՄՆ-ի՝ ընթացող հակամարտությանը հնարավոր ավելի լայն մասնակցության վերաբերյալ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում