Կայացել են ՀՀ-ԵՄ հետընդունման և ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեների նիստերը

Կայացել են ՀՀ-ԵՄ հետընդունման և ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեների նիստերը

2025 թվականի հոկտեմբերի 9-ին Բրյուսելում կայացել են ՀՀ-ԵՄ հետընդունման (ռեադմիսիայի) հարցերով համատեղ կոմիտեի 10-րդ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 8-րդ նիստերը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

ՀՀ-ԵՄ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի նիստը համանախագահում էին ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի գլխավոր տնօրինության Անօրինական միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժանմունքի հետընդունման բաժնի պետ Սիլվենա Պեստան։

 

Նիստերին մասնակցում էին ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՀՀ Ներքին գործերի նախարարության, Եվրոպական հանձնաժողովի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, ԵՄ անդամ պետությունների համապատասխան կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՄ արտաքին սահմանների և առափնյա սահմանապահ գործակալություն (Frontex) աշխատակիցներ։

 

Նիստերի ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ և ՀՀ միգրացիոն քաղաքականությունների վերջին զարգացումները, ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը, ներկայացրել են հետընդունման համաձայնագրի կիրարկման ընթացքը, վիճակագրական տվյալները և առկա խնդիրները։

 

Քննարկվել են համաձայնագրի կատարման արդյունավետության բարձրացմանն ուղղված տեխնիկական և բովանդակային հարցեր։

 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում վերաինտեգրման աջակցության ծրագրերին, դեպի Հայաստան կամավոր վերադարձի և վերաինտեգրման համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, այդ թվում՝ անօրինական միգրացիայի կանխարգելման նպատակով իրականացվող իրազեկման միջոցառումներին։

 

Եվրոպական կողմը բարձր է գնահատել համագործակցությունը հայկական կողմի հետ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերն ու արձանագրված առաջընթացը։

 

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված Հայաստան-ԵՄ հետընդունման և մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրերի հետագա արդյունավետ կիրառմանը։

 

2025 թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Յոհաննես Լուխներին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի առաջիկա քայլերը, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ մուտքի ազատականացման գործողությունների ծրագրի վերջնականացման և փաստաթղթի հայկական կողմին տրամադրման հետ կապված հարցերը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում