CNAF-ը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը Հայաստանին
Հայաստան-Ֆրանսիա Ազգային Կոմիտեն (CNAF) հայտարարություն է տարածել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ ողջունելով հայ ժողովրդի ժողովրդավարական մասնակցությունն ու ընտրական գործընթացը։
Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, Հայաստան-Ֆրանսիա Ազգային Կոմիտեն (CNAF) -ը ցանկանում է ողջունել հայ ժողովրդի կողմից հերթական անգամ դրսևորված ժողովրդավարական ոգորումը։
Նախորդ ընտրությունների համեմատ գրեթե 10 տոկոսով աճած մասնակցությունը վկայում է Հայաստանի քաղաքացիների հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին և երկրի ապագայի համար որոշիչ նշանակություն ունեցող ընտրություններին մասնակցելու վճռականությանը։ Իր թափանցիկությամբ, կանոնավորությամբ և՝ ի հեճուկս արտաքին միջամտությունների փորձերի ու որոշ միջադեպերի, հայկական ժողովրդավարությունն այսօր համապատասխանում է եվրոպական ընտրական չափանիշներին։
Այս ընտրություններին առանձնահատուկ ուշադրությամբ հետևել են բազմաթիվ միջազգային դիտորդներ՝ վերահաստատելով այն նոր դիրքը, որն այսօր Հայաստանը զբաղեցնում է տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում, ինչպես նաև այն կարևոր դերը, որ նա կատարում է եվրասիական աշխարհի հավասարակշռության պահպանման գործում։
Քվեարկության արդյունքներով վերահաստատվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանական մանդատը, որի քաղաքական ուժը ստացել է ձայների գրեթե 50 տոկոսը։ Ուստի, նոր Ազգային ժողովում կունենա մեծամասնություն, որն էլ հնարավորություն կընձեռնի շարունակել իր գործունեությունն ի շահ երկրի։
Հավատարիմ մնալով հիմնարար սկզբունքներին՝ Հայաստան-Ֆրանսիա Ազգային Կոմիտեն վերահաստատում է իր զորակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, զարգացմանն ու բարգավաճմանը։ Արժևորելով ՀՀ քաղաքացիների ընտրությունների միջոցով արտահայտած ազատակամ որոշումը, իր պատրաստակամությունն է հայտնում կառուցողական ոգով աշխատել Հայաստանի իշխանությունների և ազգային շահին ծառայող բոլոր ուժերի հետ։
Հայաստան-Ֆրանսիա Ազգային Կոմիտեն հիշեցնում է, որ իր հիմնական առաքելություններից մեկը Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապերի ամրապնդումն է։ Առավել քան երբևէ, կոլոկտիվը պատրաստ է համախմբել Ֆրանսիայի հայկական սփյուռքի հնարավորությունները, կապերն ու ներուժն ի նպաստ Հայաստանի տնտեսական, կրթական, մշակութային և ռազմավարական զարգացմանը։
Հայաստան-Ֆրանսիա Ազգային Կոմիտեն արդեն իսկ միավորելով 89 կազմակերպություններ, համախմբման կոչ է հղում Ֆրանսիայի հայկական բոլոր կազմակերպություններին, որոնք կիսում են այս տեսլականը, միանալ հավաքական նախաձեռնությանը, ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:
Հայաստանն իր կամքը հայտնեց : Այժմ եկել է բոլորի համախմբման ժամանակը՝ ի նպաստ հայ ժողովրդի գերագույն շահի։


Կարծիքներ