Պետությունը պայթեցնելու հրեշավոր ծրագիրը կանխվեց, ժողովրդի իշխանությունը անշրջելի է. Հայկ Կոնջորյան

Պետությունը պայթեցնելու հրեշավոր ծրագիրը կանխվեց, ժողովրդի իշխանությունը անշրջելի է. Հայկ Կոնջորյան

Հայաստանի իրավապահ համակարգը կանխել է նախադեպը չունեցող մի այլանդակ, վտանգավոր ահաբեկչության փորձ, որի նպատակը Հայաստանի Հանրապետությունը հիմքերից պայթեցնելն էր, դրանից հետո հայ ժողովրդի ճակատագիրը՝ որպես մանրադրամ, որպես գրոշ օտար կենտրոններին հանձնելն էր: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում հրապարակած տեսանյութում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Բարեբախտաբար, իրավապահ համակարգը կանխել է այս այլանդակ ահաբեկչությունը: Բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ քրեաիրավական, քաղաքական, հասարակական, բարոյական:

Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին անդառնալիորեն և անշրջելիորեն: Ժողովրդից ոչ ոք չի կարող խլել իր իշխանությունը:

Սա պարզապես առօրյա քաղաքական պայքար չէ: Մենք կռիվ ենք տալիս ՀՀ ինքնիշխանության պաշտպանության համար, որովհետև այն ուժերը՝ ռոբասերժական, կտրիճներսիսյանական, օլիգարխիական, այսպես կոչված «բարերարական» ուժերը, որոնք այս նույն շրջանակի, այս նույն շղթայի տարբեր օղակներն են, ըստ էության, պայքարի են դուրս եկել ՀՀ ինքնիշխանության և ՀՀ պետականության դեմ, և նրանք բոլորը, բոլո՛րը հատ-հատ ջախջախվելու են, ջարդուփշուր են լինելու և պատասխանատվության են ենթարկվելու:

ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- ասել է նա:

Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:

ՔԿ-ն, ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։

Նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել.

«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:

Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից: Այն, ըստ էության, գործողությունների փուլային ծրագիր է, որում մանրամասն շարադրված են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները: Հեղաշրջման պլանում ներգրավված են գրեթե բոլոր սեգմենտները՝ Եկեղեցուց մինչև հայտնի տիկտոկերներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում