Ավինյանը շվեդ գործընկերների հետ քննարկել է տեղական ինքնակառավարման բարեփոխումներին վերաբերող հարցեր

Ավինյանը շվեդ գործընկերների հետ քննարկել է տեղական ինքնակառավարման բարեփոխումներին վերաբերող հարցեր

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և ռեգիոնների միության գործադիր տնօրեն Ռայան Նոքսի հրավերով «Fiscal Decentralisation and Local Self-Government Reforms» աշխատաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով մեկնել է Ստոկհոլմ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

 

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ»-ի (Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և տարածաշրջանների ասոցիացիա) առաջին փոխնախագահ Լիֆ Սանդբերգի, գործադիր տնօրեն Ռայան Նոքսի և ծրագրերի ղեկավար Լենա Ֆալկոնի հետ։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ապակենտրոնացմանը և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին, ֆինանսական կառավարմանը, տեղական իշխանությունների դերերին ու հաշվետվողականությանը վերաբերող հարցեր։ Տիգրան Ավինյանը ծանոթացել է նաև կրթության և ֆինանսական ապակենտրոնացման վերաբերյալ շվեդական փորձին, մասնակցել շվեդական համահարթեցման համակարգին վերաբերող քննարկմանը։ 

 

Շվեդիայի Թագավորության մայրաքաղաք այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է նաև Ստոկհոլմի գործընկերոջ՝ քաղաքային խորհրդի նախագահ Օլե Բուրրելի հետ: Երկու մայրաքաղաքների ղեկավարներն անդրադարձել ենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերին, խոսել քաղաքային տարբեր ծրագրերից ու խնդիրներից, նախանշել գործակցության հնարավոր ուղղությունները:  

 

Երևանի քաղաքապետը հանդիպել է նաև Շվեդիայի թագավորության արտաքին գործերի պետական քարտուղար Կարին Յուհլինիի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում