Մեկնարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը

Մեկնարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը

44-օրյա պատերազմի ամենածանր հետևանքներից մեկը պատերազմի մասնակիցների վերաինտեգրման խնդիրն է հասարակության մեջ։

«Իմ Քայլը» հիմնադրամի Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման պիլոտային ծրագրի նպատակն է նպաստել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, ՀՀ մարզերում բնակվող զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանն՝ աշխատանքի և աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով։

Այս մասին հաղորդագրություն է տարածել հիմնադրամը:

Պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2022թ-ի հունվար ամսից՝ թիրախավորելով 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորներին։

Առաջին փուլն իրականացվում է Շիրակի մարզում՝ վիրավոր զինվորների մեծ թվով և գործազրկության բարձր մակարդակով պայմանավորված: Պիլոտային ծրագրի հաջողության դեպքում նախատեսվում է այն իրականացնել ՀՀ այլ մարզերում ևս։

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման պիլոտային ծրագրի արդյունավետ իրականացման համար ապրիլի 1-ին կնքվել է համագործակցության հուշագիր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Հուշագրի նպատակն է համատեղել կողմերի ջանքերը պատերազմի մասնակիցների կարիքների գնահատման, մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ապահովման աշխատանքների իրականացման շուրջ:

Ինչպես նաև՝ ծրագրի շրջանակներում ապրիլի 12-14-ը Գյումրիում իրականացվել են խմբային ոչ ֆորմալ հանդիպումներ ծրագրի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերած հաշմանդամություն ստացած պատերազմի մասնակիցների հետ, որտեղ բազմամասնագիտական թիմը (ծրագրային թիմ, կարիերայի խորհրդատու, հոգեբան) իրականացրել է կարիքների նախնական գնահատում և ներկայացրել ծրագրի մանրամասները:

Իրականացվել են մարզի գործատուների հետ հանդիպումներ, որոնց նպատակն է վերհանել մարզում առկա թափուր հաստիքները և պահանջվող որակավորումները:

Առաջիկայում նախատեսվում է մասնագիտական կողմնորոշման ճամբարի կազմակերպում՝ մայիսի 18-22-ը՝ Դիլիջան քաղաքում, որի ընթացքում ծրագրով հետաքրքրված մասնակիցները կկողմնորոշվեն, թե որ ոլորտում են ցանկանում աշխատել, և յուրաքանչյուր մասնակցի համար կկազմվի անհատական զարգացման պլան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում