Ճապոնիայի ափերին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսում Ճապոնիայի ամենամեծ Հոնսյու կղզու հյուսիսարևելյան ափերի մոտ 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 60 կմ խորության վրա։ Ցնցումները սկսել են գրանցվել տեղական ժամանակով 23:36-ին (Հայաստանի ժամանակով 18:36-ին): Ավելի ուշ սեյսմոլոգները հայտնել են 5,6 մագնիտուդով երկրորդ երկրաշարժի մասին, այնուհետև ևս չորս ավելի փոքր երկրաշարժ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Ֆուկուսիմայի և Միյագի պրեֆեկտուրաների բնակիչներին նախազգուշացվել է մինչև 1 մետր բարձրությամբ ցունամիի սպառնալիքի մասին, սակայն ափին գրանցվել են միայն 20 սմ բարձրությամբ ալիքներ։
Զոհերի ստույգ թիվը հայտնի չէ։ Կիոդո գործակալությունը գրում է Միյագի պրեֆեկտուրայում 20 վիրավորի մասին, նրանք հիմնականում կապտուկներ ու կտրվածքներ ունեն։ Իր հերթին NHK հեռուստաալիքը հայտնում է մեկ զոհի և 69 վիրավորի մասին։
Երկրաշարժից հետո սպառողների մոտ էլեկտրաէներգիայի անջատման ավելի քան 2 միլիոն դեպք է գրանցվել։ Դրանցից 700 հազարը բաժին է ընկել Տոկիոյին։
Գնացքներն ընդհատվել են մի քանի գծերում, այդ թվում՝ արագընթաց գնացքներում։
Շինկանսեն ճեպընթաց գնացքը մասամբ դուրս է եկել ռելսերից Ֆուկուսիմա և Շիրոյշիզաո քաղաքների միջև։ Վթարի պահին գնացքում եղել է մոտ 100 ուղեւոր, բոլորը տարհանվել են։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։
Շաբաթվա ընթացքում փորձագետները հետցնցումներ են ակնկալում։
Կարծիքներ