Պաշտպանեք Ձեր WhatsApp-ի հաշիվները. ՆԳՆ-ն զգուշացնում է

Պաշտպանեք Ձեր WhatsApp-ի հաշիվները. ՆԳՆ-ն զգուշացնում է

Վերջին օրերին ՀՀ-ում կրկին նկատվում է WhatsApp հավելվածի հաշիվների զանգվածային «գողություն», որի դեպքում հանցագործներին անհրաժեշտ չէ, որ դուք սեղմեք որևէ հղման կամ նրանց փոխանցեք SMS հաղորդագրության միջոցով ստացած կոդը։ Այս մասին իրազեկում է ՆԳՆ-ն՝ խորհուրդ է տալիս երկփուլանի անվտանգություն միացնել: 

 

«Տեխնիկական «լեզվով» ասված՝ հանցագործները կարողանում են թիրախավորել բջջային ցանցերի SS7 պրոտոկոլը (շատ պարզ՝ բջջային օպերատորների միջև գործող «փոստային ծառայությունը») և որսալ միջազգային բջջային ընկերությունից ուղարկված SMS հաղորդագրությունները:

 

Ինչպե՞ս պաշտպանվել

 

Միակ և ամենաարդյունավետ միջոցը Երկփուլանի անվտանգության (Two-step verification) միացումն է։ Նույնիսկ եթե հանցագործներին հաջողվի մուտք գործել ձեր հաշիվ, նրանք չեն կարողանա օգտագործել այն առանց ձեր սահմանած PIN կոդի։

 

Ինչպե՞ս միացնել

 

1. Բացեք WhatsApp-ը և գնացեք Settings (Կարգավորումներ).

2. Ընտրեք Account (Հաշիվ) բաժինը.

3. Սեղմեք Two-step verification (Երկփուլանի ամվտանգություն).

4. Սեղմեք Turn on և սահմանեք 6 նիշանոց PIN կոդ (անպայման հիշեք այն).

5. Ավելացրեք ձեր էլեկտրոնային հասցեն՝ կոդը մոռանալու դեպքում վերականգնելու համար։

 

Եթե հանկարծ WhatsApp-ից SMS-ի միջոցով ստանում եք որևէ կոդ, և ձեր հավելվածը հանկարծակի դուրս է գալիս հաշվից, անմիջապես փորձեք վերականգնել այն (կրկին Ձեր հեռախոսահամարի միջոցով փորձեք գրանցվել) և տեղեկացրեք ձեր մտերիմներին, որ ձեր անունից կարող են կեղծ հաղորդագրություններ ուղարկվել։

 

Հ.Գ. SS7 պրոտոկոլը հայկական չէ, և այստեղ խնդիրը մեր բջջային օպերատորների մեջ չէ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում