Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են 2026-ին ՀՀ-ում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցեր

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Այս մասին նախարարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Հանդիպման ընթացքում անդրադարձանք 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերին։ Քննարկեցինք ամբողջական կազմակերպչական գործընթացը՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային բաղադրիչները։
Դեսպան Գալագերը հետաքրքրված էր մեր կարիքներով և մարտահրավերներով՝ ընդգծելով, որ Միացյալ Թագավորությունն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու, և մենք է հստակեցնենք, թե ինչ ուղղություններով է այդ աջակցությունը լինելու առավել թիրախային և արդյունավետ։
Քննարկման շրջանակում անդրադարձանք նաև Կենսաբազմազանության ազգային ռազմավարությանը և «Կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակի» (Global Biodiversity Framework) իրականացման ուղղությամբ Հայաստանի կատարած քայլերին։ Ներկայացրեցի մեր ունեցած առաջընթացը։
Անդրադարձանք նաև Հայաստանի մասնակցությանը COP30 համաժողովին և պատվիրակության հնարավոր կազմին։ Արձանագրեցինք նման համաժողովներում մեր ներգրավվածության կարևորությունը՝ փորձի փոխանակման և միջազգային կապերի խորացման տեսանկյունից։
Քանի որ դեսպան Գալագերն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, շնորհակալություն հայտնեցի նրան արդյունավետ ու կառուցողական համագործակցության և Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար»,- գրել է նա։
Կարծիքներ