Այս տարվա հոկտեմբերին կրկին ունեցել ենք աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետ
Այս տարվա հոկտեմբերին մենք կրկին ունեցել ենք բացարձակ՝ գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի ռեկորդ:
Այս մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով 2026 թվականի պետական բյուջեի վերջնական տարբերակի մասին:
«2025 թվականի հոկտեմբերին 810 հազար 074 գրանցված աշխատատեղ ունենք երկրում: 2018 թվականի նկատմամբ աճը՝ 223 հազար 895 կամ 38 տոկոս: Հարգելի գործընկերներ, սա արձանագրում է, որ 2018-ից ի վեր մենք ՀՀ-ում ստեղծել ենք 223895 աշխատատեղ»,- նշել է վարչապետը:
Նրա խոսքով՝ նման ցուցանիշ նման ժամանակահատվածի համար Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել, ընդ որում՝ աճը շարունակական է:
«Տարեցտարի՝ 2024 թվականի հոկտեմբերի համեմատ 31 հազար աշխատատեղ է ստեղծվել՝ 4 տոկոսով ավելի: Միջին աշխատավարձը հոկտեմբերի 313 հազար դրամ է, 2018 թվականի նկատմամբ աճը՝ 135657 դրամ կամ 76 տոկոս»,-նշել է վարչապետը:
Նրա խոսքով՝ շատ է խոսվում գնաճի մասին, իսկ իրականությունն այն է, որ Հայաստանում չի եղել 76 տոկոսանոց գնաճ:
«Եվ ընդհանրապես, մեր աշխատավարձերի աճերը երկնիշ են՝ 20 և ավելի տոկոս, ինչը ցույց է տալիս քաղաքացիների բարեկեցության մակարդակը: Եկամտային հարկը, որը հոկտեմբերին վճարվել է, եղել է 50 միլիարդ 699 միլիոն դրամ, որը 2018-ի հոկտեմբերի համեմատ համարյա կրկնակի ավելի է 95 տոկոսով՝ 24 միլիարդ դրամով»,- հայտնել է Փաշինյանը:


Կարծիքներ