«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության 2022թ. ինդեքսում ՀՀ-ն առաջատարն է տարածաշրջանում

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է Մամուլի ազատության 2022 թ. զեկույցը, որում Հայաստանը զբաղեցնում է 51-րդ տեղը՝ այսպիսով ունենալով լավագույն ցուցանիշը տարածաշրջանում:
Ըստ ինդեքսի՝ Հայաստանում չկան սպանված կամ ձերբակալված լրագրողներ և մեդիա աշխատողներ: 2021թ. համեմատ՝ Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ նախորդ տարվա 63-րդ տեղից այս տարի բարձրանալով 51-րդ տեղ:
Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում: 180 երկրների շարքում Վրաստանը 89-րդն է, Թուրքիան՝ 149-րդը, Ադրբեջանը՝ 154-րդը, Իրանը՝ 178-րդը, Ռուսաստանը՝ 155-րդը: Հայաստանը Հետսովետական երկրներից զիջում է միայն Մոլդովային և Մերձբալթյան երկրներին:
«Չնայած բազմակարծության առկայությանը, մամուլը շարունակում է մնալ բևեռացված: Հայաստանում ապատեղեկատվության և ատելության խոսքի մասշտաբներն աննախադեպ են, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած տարածքային վեճի կապակցությամբ», – նշված է զեկույցում:
Նշվում է, որ Թուրքիայում թափ է հավաքում ավտորիտարիզմը՝ մարտահրավեր նետելով լրատվամիջոցների բազմակարծությանը։ Իսկ Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևը ոչնչացրել է բազմակարծության ցանկացած դրսևորում: Երկու երկրների իշխանություններն անխնա փորձում են լռեցնել իրենց քննադատներին:
Զեկույցի համաձայն՝ աշխարհում լրատվամիջոցների ազատության ցուցանիշով առաջատարը Նորվեգիան է: Նրան հաջորդում են Դանիան, Շվեդիան և Էստոնիան: Լավագույն հնգյակը եզրափակում է Ֆինլանդիան:
Կարծիքներ