Թուրքիայի խորհրդարանի 13 ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նախագահական միջնորդությունները մեջլիսում են

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) 13 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նախագահականի թվով 15 միջնորդությունները հասել են խորհրդարանի նախագահությանը:
Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում է թուրքական hurriyet.com.tr -ն:
Միջնորդությունները փոխանցվել են խորհրդարանի Սահմանադրության և արդարադատության հանձնաժողովի անդամներից կազմված միացյալ հանձնաժողովին։
Կուսակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն զուգահեռ, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության վերաբերյալ Սահմանադրական դատարանում քննվող գործը վարող դատախազը նախորդ ամիս ՍԴ-ին միջնորդել է կուսակցության 451 անդամի նկատմամբ քաղաքականությամբ զբաղվելու արգելք սահմանել, 69 կուսակցականի գործողություններն ու ելույթները ներկայացվել են որպես հիմք կուսակցության փակման համար:
ՍԴ-ի՝ կուսակցությունը փակելու որոշման պարագայում, նշյալ անձինք հինգ տարի ժամկետով կզրկվեն քաղաքական գործունեություն ծավալելու և այլ կուսակցությունների անդամակցելու հնարավորությունից:
Կարծիքներ