Հայաստանն ու Սլովակիան ունեն հարաբերություններ զարգացնելու հսկայական ներուժ. տեղի է ունեցել Փաշինյան- Ֆիցո հանդիպումը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սլովակիայի վարչապետի առանձնազրույցը: Երկու երկրների վարչապետները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է Ռոբերտ Ֆիցոյի և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Սլովակիայի հետ հետագա հարաբերությունների զարգացումը: «Մենք արդեն հասցրեցինք քննարկել, որ առկա է բոլոր ուղղություններով մեր հարաբերությունները զարգացնելու հսկայական ներուժ, և Ձեր այցը շատ լավ առիթ է այդ հնարավորությունները ևս մեկ անգամ գույքագրելու և կոնկրետ ուղղությունների վրա կենտրոնանալու, կոնկրետ ճանապարհային քարտեզ ունենալու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Ֆիցոյին Հայաստանի հետ կապված օրակարգերում ցուցաբերած աջակցության համար: «Այսօր «Երևանյան երկխոսություն» համաժողովի ընթացքում Ձեր աջակցությունը վերահաստատեցիք մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ տարվա գագաթնաժողովը գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով»,- ասել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի ևս Սլովակիայի վարչապետը կհյուրընկալվի մեր երկրում:
Իր հերթին Ռոբերտ Ֆիցոն վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Սլովակիա իրեն հարմար ժամանակահատվածում: «Հենց նոր ավարտված մեր առանձնազրույցը հաստատում է, որ կան ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, ուստի նույն հյուրընկալությամբ մենք կցանկանայինք Ձեզ ջերմորեն ողջունել Սլովակիայում: Սլովակիայի ողջ պատվիրակության անունից շատ շնորհակալ եմ Ձեզ հյուրընկալության և բարեկամության համար:
Երբ պատրաստվում էի այս հանդիպմանը, մեծարգո պարոն վարչապետ, ես մանրամասնորեն ուսումնասիրեցի բոլոր փաստաթղթերը, որոնք ստացել եմ նախապատրաստվելու համար: Մեծ գոհունակությամբ կարող եմ նշել, որ մենք հարցերը կարողացանք քննարկել անգամ առանց այդ փաստաթղթերի, քանի որ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ ունենք»,- ասել է Սլովակիայի վարչապետը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, բիզնես կապերի ընդլայնմանը, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Ֆիցոն ընդգծել են երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը և այդ առումով կարևորել բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման շուրջ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և վերջին զարգացումներին: Ռոբերտ Ֆիցոն հայտնել է իր երկրի աջակցությունը ՀՀ Կառավարության խաղաղության օրակարգին՝ ի նպաստ տարածաշրջանում կայունության և համագործակցության:
Կարծիքներ