Բլինկենն ահաբեկչության դեմ պայքարն անվանել է ԱՄՆ-Ալժիր հարաբերությունների հիմնաքարը

Անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը Միացյալ Նահանգների և Ալժիրի միջև հարաբերությունների հիմնաքարն է։ Այս մասին, չորեքշաբթի երեկոյան, ըստ Algerie Press Service լրատվական գործակալության , Ալժիրում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Նա մի շարք հանդիպումներ է անցկացրել Ալժիրի առաջնորդների, այդ թվում՝ նախագահ Աբդելմաջիդ Տեբբունի և արտաքին գործերի նախարար Ռամտան Լամամրայի հետ:
«Անվտանգության ոլորտում համագործակցությունը և ահաբեկչության դեմ պայքարը մնում են երկկողմ հարաբերությունների հիմնաքարը», - ասել է Բլինկենը։ Նրա խոսքով, «Ալժիրի ջանքերը էական նշանակություն ունեն տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդման համար»։
«ԱՄՆ-ը և Ալժիրը ամուր հարաբերություններ ունեն»,- շարունակել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հավելելով, որ Վաշինգտոնը ցանկանում է աշխատել «խորացնելու տնտեսական, կրթական և մշակութային կապերը և ամրապնդել անվտանգության ոլորտում համագործակցությունը» հյուսիսաֆրիկյան ազգի հետ։
«Ալժիրը շարունակում է կարևոր դեր խաղալ Մալիում կայունություն հաստատելու գործում»,- ասել է Բլինկենը։ Նա ողջունել է Ալժիրի ջանքերը՝ «խաղաղ ճանապարհով լուծելու հակամարտությունները տարածաշրջանում, հատկապես Լիբիայում»։
ԱՄՆ պետքարտուղարը «ուրախություն և հպարտություն» է հայտնել, որ Միացյալ Նահանգները լինելու է 2022 թվականի հունիսին նախատեսված Ալժիրի առաջիկա միջազգային ցուցահանդեսի պատվավոր հյուրը։ «Սա ցույց է տալիս Ալժիրի հետաքրքրությունը ամերիկյան ապրանքների և տեխնոլոգիաների նկատմամբ»,- ընդգծել է նա։
«Ավելի շատ ամերիկյան ընկերություններ են փնտրում ներդրումներ կատարել Ալժիրում, իսկ նրանք, որոնք արդեն կան, աշխատատեղեր են ստեղծում բազմաթիվ ոլորտներում»,- ամփոփել է ԱՄՆ պետքարտուղարը։
Կարծիքներ