Ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել. ՊՆ

Ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ՊՆ վարչական համալիրի մոտ ակցիա իրականացրած քաղաքացիների վերաբերյալ տարածված տեղեկությունների վերաբերյալ: 

 

«Իրավիճակին և տեղեկատվությանը չտիրապետող որոշ լրատվամիջոցներ պնդում են, թե իբր երեկ ՊՆ վարչական համալիրի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների հետ պաշտպանության նախարարությունում որևէ հանդիպում տեղի չի ունեցել: 

 

Նշենք, որ ակցիայի անմիջապես մեկնարկին պաշտպանության նախարարությունը հանդիպման առաջարկ է ներկայացրել նախարարի տեղակալ, միևնույն ժամանակ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արման Սարգսյանի, իսկ այնուհետև՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանի հետ: 

 

Ակցիայի մասնակիցները պնդել են, որ ցանկանում են հանդիպել ԳՇ պետի և ԶՈՒ-ից զորացրված մի շարք անձանց հետ: 

 

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է քաղաքացիներին, հանդիպումը տևել է մի քանի ժամ: 

 

Հայտնենք նաև, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ ՊՆ ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք, նրանց նկատմամբ բիրտ ուժի կիրառման դեպք չի արձանագրվել: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել (տեսանյութերն առկա են), ինչին ի պատասխան՝ ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում