Թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է․ Բադալյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։
Այս մասին պատգամավորը հայտնել է սոցցանցի իր էջում՝ գրելով․
«Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, նախատեսում էի մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ վաղը կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։
Որպես ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ պետք է մասնակցեի նիստի աշխատանքներին, որի օրակարգում ընդգրկված է 16 հարց։
Սակայն ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է։ Թե ինչ պատճառով, հայտնի չէ։
Տարօրինակ և մտահոգիչ իրավիճակ է, երբ ազգային խորհրդարանական պատվիրակության անդամին թույլ չեն տալիս մեկնել միջազգային խորհրդարանական կազմակերպության կենտրոնակայան՝ իր պաշտոնական պարտականությունները կատարելու և հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար»։


Կարծիքներ