ԱՄՆ պետքարտուղարը Պանամայի նախագահի հետ քննարկել է «Ռուսաստանին հակադրվելու» անհրաժեշտությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեքշաբթի օրը Պանամայի նախագահ Լաուրենտինո Կորտիզոյի հետ քննարկել է Ռուսաստանին «համատեղ դիմակայելու» անհրաժեշտության հարցը՝ կապված Ուկրաինայում նրա հատուկ գործողության հետ։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Նրա խոսքով՝ Բլինկենը և ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը Պանամայի Հանրապետությունում հանդիպել են Կորտիզոյի, ինչպես նաև երկրի արտաքին գործերի նախարար Էրիկա Մույնեսի հետ։ Խոսվել է անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցության կարևորության մասին։
«Նրանք նաև քննարկել են տնտեսական կապերի ամրապնդումը, Լոս Անջելեսում հունիսին կայանալիք Ամերիկաների գագաթնաժողովն օգտագործելու նախապատրաստությունը՝ տարածաշրջանում ժողովրդավարության և առաջնորդության ամրապնդման համար, ինչպես նաև միասին աշխատելու անհրաժեշտությունը՝ դիմակայելու Կրեմլի պատերազմին Ուկրաինայում», - ասել է Փրայսը:
Կարծիքներ