Գնում եմ պատարագների, որտեղ Կտրիճ Ներսիսյան անունը չի հնչում. վարչապետը՝ Գյումրու պատարագի շուրջ աղմուկի մասին
«Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիում սպասվող պատարագի և քահանաներից մեկին ԱԱԾ աշխատակիցների կողմից ցուցում տալու վերաբերյալ շշուկներին:
«Երբ ես մտադիր եմ մասնակցել պատարագի, մենք խնդրում ենք, որ հաշվի առնվի այս փաստը։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, կարող է իմ օգնականը լինել և այլն։ Դա կախված է նրանից, թե ով ում է ճանաչում, և ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն և մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։
Այնպես չէ, որ քահանաները պետական մարմինների հետ միայն իմ պատարագ գնալու առիթով են շփվում, այնպես որ շատ մի նեղվեք այդ հարցերից»,- նշել է Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե Գյումրիի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Ռուբենն ասել է՝ ԱԱԾ-ից մոտեցել են իրեն և խնդրել զեղչել կաթողիկոսի անունը:
Դիտարկմանը, թե հանրային ռեսուրս է չարաշահվում վարչապետի կամքը կատարելու համար, Փաշինյանն արձագանքել է.
«Ցանկացած տեղ, որտեղ վարչապետը պետք է գնա, այդ պահից սկսած՝ այդ տեղը համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ, և այնտեղ իրականացվում են գործողություններ, այդ թվում՝ անվտանգության գործողություններ․ այստեղ ոչ մի նորություն չկա։ Ես իմ անվտանգության հարցն առաջ չեմ քաշում, ես առաջ եմ քաշում պետության անվտանգության հարցը»։


Կարծիքներ