Կա՛մ մինչև տարեվերջ մրցույթը կկայանա, կա՛մ ես արդեն կադրային որոշումներ կկայացնեմ. Ավինյան

Կա՛մ մինչև տարեվերջ մրցույթը կկայանա, կա՛մ ես արդեն կադրային որոշումներ կկայացնեմ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի՝ օգոստոսի 18-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհին։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մանրամասնելով հայտնել է, որ օգոստոսի 9-ի առավոտյան արդեն կրակը մարված է եղել, բայց աղբավայրը շարունակել է ծխալ։

«Առավոտ շուտ Ձեր հանձնարարականից հետո անմիջապես մոբիլիզացվել են քաղաքապետարանի բոլոր ռեսուրսները, ԵԱՍՄ հիմնարկը ողջ շարժակազմով ու անձնակազմով աշխատանքը տեղափոխել է աղբավայր: 12 վարչական շրջաններն առանց բացառության 9 օր շարունակ աջակցել են այդ աշխատանքներին։

Օրական աշխատել է 20-22 միավոր տեխնիկա, հողի ծածկույթով տարածքը լցնելու համար պահանջվեց 9 օր, երեկ՝ կիրակի օրվա դրությամբ, տարածքն ամբողջությամբ ծածկվել է հողով, 9 օրում աղբավայր է տեղափոխվել 2450 մեքենա հող։ Փոքր բաներ են մնացել, որ հիմա շարունակում են աշխատանքները»,- ասել է Արեյանը։

Արձագանքելով կատարվածին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, թե ինչպես հաճախ տեղի է ունենում, շարունակում են պայքարել հետևանքների դեմ, բայց տևական ժամանակ է՝ կան քննարկումներ, տարատեսակ միջազգային ծրագրերով չստացված փորձեր։

«Բայց ինչ-որ մի փուլի ենք հանգել, որ պետք է իրականացնենք նոր վերամշակման գործարանի երկփուլ մրցույթ, և անկեղծ ասած, ես շատ մտահոգված եմ, որ որոշակի պարբերականությամբ այս միջավայրում չեմ լսում, թե ինչ է տեղի ունենում մրցույթի հետ կապված:

Այսպես կդնեմ հարցը. կա՛մ մինչև տարեվերջ մրցույթը կկայանա, կա՛մ ես արդեն համապատասխան կադրային որոշումներ կկայացնեմ, որովհետև սա Երևան քաղաքի ամենակարևոր, ամենադժվարին հարցերից մեկն է, և այստեղ այլևս հապաղել մենք չենք կարող»,- ասել է նա:

Քաղաքապետը եզրափակել է, որ մինչև տարեվերջ պետք է բերել հստակ վերջնական լուծումով հաղթող կազմակերպությամբ կայացած մրցույթ․ այլևս ոչ մի րոպե ավել չեն կարող դրան սպասել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում