Հայաստանը ողջունում է Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ-ի նոր ռազմավարական մոտեցումը. ԱԺ նախագահ

Հայաստանը ողջունում է Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ-ի նոր ռազմավարական մոտեցումը. ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Եվրանեսթ ԽՎ 12-րդ լիագումար նստաշրջանում:

«Հարգելի՛ համանախագահներ,

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հարգելի՛ անդամներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ հերթական նստաշրջանին մասնակցելու առիթով:

Սա կարևոր հարթակ է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների միջև առավել սերտ կապերի ամրապնդման համար: ԵՄ-ի հետ խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև Արևելյան գործընկերությունը հսկայական ներդրում են ունեցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների կայացման գործում: Մենք հստակ ընտրել ենք ժողովրդավարացման և բարեփոխումների ճանապարհը և հաստատակամ ենք շարունակելու այդ ուղին:

Վերջին տարիներին աննախադեպ առաջընթաց է գրանցվել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության գրեթե բոլոր բնագավառներում: Խոսքը վերաբերում է ինչպես քաղաքական ու տնտեսական գործընկերության զարգացմանը, այնպես էլ անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության խորացմանը: Արագ տեմպերով ընթանում է նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը:

Հայաստանը հանձնառու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրագործմանը: Միաժամանակ վստահ եմ, որ վերջերս համաձայնեցված «Գործընկերության նոր օրակարգ» փաստաթուղթը կնպաստի համագործակցության նոր առաջնահերթությունների ամրապնդմանը:

ՀՀ Ազգային ժողովն այս տարվա մարտին ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենք: Այն քաղաքացիական նախաձեռնություն էր, և մենք ուրախ ենք ականատես լինել եվրաինտեգրման հարցի շուրջ մեր հանրության նման ակտիվ դիրքորոշմանը:

Հարգելի՛ գործընկերներ,

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նախորդ նստաշրջանի ընթացքում անդրադարձել էի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը՝ հայտնելով, որ կողմերը համաձայնության հասնելու շեմին են: Եվ ահա, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին համատեղ Հռչակագիր: Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին նաև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը: Հռչակագրի ընդունումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ազդարարում են, որ խաղաղությունն արդեն հաստատված է: Չնայած դրան՝ շարունակում են մնալ չլուծված մի շարք մարդասիրական հարցեր. Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիների հարցը դեռևս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի: Մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը:

Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանը կաշխատի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ ապահովելով «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու»՝ TRIPP նախաձեռնության իրականացումը: TRIPP նախագիծը բխում է Հայաստանի տեսլականից՝ իր հռչակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի միջոցով ապահովելու անխափան տարածաշրջանային հաղորդակցությունը: Այն նախատեսում է ինչպես երկաթուղու զարգացում, այնպես էլ մայրուղիների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և կապի մալուխների կառուցման հեռանկար Հայաստանի, Ադրբեջանի ու հարակից երկրների միջև:

Այս համատեքստում ցանկանում եմ նաև նշել, որ Հայաստանը ողջունում է Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ-ի նոր ռազմավարական մոտեցումը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանը սկսել է նախապատրաստական աշխատանքները՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը 2026 թվականի մայիսին Երևանում հյուրընկալելու առիթով: Ներկայումս նախապատրաստվում ենք եւս մեկ խոշոր միջազգային միջոցառման համար, որը նույնպես տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի աշնանը: Խոսքը ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովի՝ COP-17-ի մասին է:

Հաջորդ տարին կարևոր է նաև մեր երկրի ներքին քաղաքական կյանքի տեսանկյունից: 2026 թ. հունիսին տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները: Վստահ եմ, որ Եվրոպական միության օժանդակությամբ իրականացված լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում մենք հաջողությամբ կանցկացնենք նաև այս ընտրությունները:

Հարգելի՛ գործընկերներ,

Եվս մեկ անգամ ողջունելով ձեզ Երևանում՝ մաղթում եմ արդյունավետ քննարկումներ:

Շնորհակալություն»,- ասել է ԱԺ նախագահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում